Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցներում անցորդների մեծ մասը դիմակներով են, սակայն քաղաքի բնականոն անցուդարձը չի խաթարվել:
Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում երկու կանանց հանդիպեցինք՝ մանկահասակ երխաների հետ զբոսնելիս, ովքեր, ինչպես պարզեցինք, ազգությամբ ռուս էին: Հարցին, թե արդյոք չեն վախենում երեխաներին զբոսանքի հանել կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակում, նրանք պատասխանեցին, որ զբոսանքը միայն օգտակար է երեխաների համար:
AraratNews.am-ի թղթակիցը նաև քաղաքի խոշոր սուպերմարկետների և հագուստի խանութների աշխատակիցների ու մենեջերների հետ է զրուցել:
Քաղաքի սուպերմարկետներից մեկի աշխատակիցը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ հաճախորդների արտասովոր հոսք չի նկատվել:
Քաղաքի մյուս խոշորագույն սուպերմարկետներից մեկում էլ հաճախորդները ձեռքերը լվանում ու հետո միայն մուտք էին գործում սուպերմարկետ: Սուպերմարկետի մենեջերը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշեց.
«Արդեն մոտ 2-3 օր է՝ մեծ կուտակումներ կան: Շատ մեծ գնումներ են անում: Ժողովուրդը խուճապի մեջ է: Այսօր առևտուրն ավելի շատ է, գնալով ավելի է շատանում: Նման բան մեկ եղել է Նոր տարուն, մեկ էլ տոն օրերին: Քաղաքացիները հիմնականում գնում են ձավար, ոսպ, այլուր»:
Հագուստի խանութների մենեջերները նշեցին, որ վերջին օրերին իրենց հաճախորդների քանակը նվազել է:
Արմավիրի մրգավաճառներից մեկն էլ ընդգծեց, որ վաղ առավոտից բուռն առևտուր են անում. «Սենց առևտուր ըսկի Նոր տարուն չի եղել: Ինչ կա՝ տանում են: Գինն էլ չեն հարցնում»:
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու մոմավաճառն ասաց, որ այսօր օրն անձրևային է, այդ պատճառով էլ եկեղեցի այցելողները քիչ են եղել, բայց երեկ «շատ-շատ» են եղել:
Օլյա Շահինյան






