Ինչ է սպասվում լիբանանահայությանը. «Առաջին լրատվական»-ի զրույցը՝ Շահան Գանդահարյանի հետ

    290
    0

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

    – Պարոն Գանդահարյան, Լիբանանում նույնիսկ արտակարգ դրության պայմաններում շարունակում են բողոքի ցույցեր՝ պայմանավորված սոցիալտնտեսական ծանր իրավիճակով։ Ի՞նչ է սպասվում այդտեղ ապրող հայերին։ 

    – Կյանքի բնականոն հուն քայլ առ քայլ վերադարձի առընթեր վերսկսվեցին բողոքի գործողությունները, որոնք զուգակցվել էին քաղաքացիական անհնազանդության վայրագ դրսևորումներով։ Այստեղ, սակայն, կարևոր երանգ կա, որը պետք է նկատել։ Բողոքողների պահանջները սոցիալականից և քաղաքացիականից արդեն հատել են քաղաքական հարթության սահմանը: Հնչում են «Հզբոլլահ» կուսակցության զինաթափման կոչեր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկություններ: Սա վկայում է այն մասին, որ թևակոխել է ըստ էության նաև քաղաքական հարթություն։

    – Լիբանանահայերը պատրա՞ստ են Հայաստան տեղափոխվելու և հաստատվելու։

    – Իհարկե, չի կարելի է ասել, որ լիբանանահայերը զանգվածային հոսքով պատրաստ են գալու հայրենիք։ Սակայն անգամ կորոնավիրուսի ճգնաժամից առաջ, դեպի հայրենիք տեսանելի էին դառնում միտումներ, որոնք կարելի է նախանշաններ համարել հայրենադարձության գործընթացների․ ՀՀ քաղաքացիության դիմումի կտրուկ աճ, բարձրագույն ուսում ստանալու համար ուսանողական հայրենադարձության որոշակի երևույթ, հողերի գնման օրինակներ, բնակարաններ վերցնելու բազմաթիվ դեպքեր և, իհարկե, մնայուն բնակություն հաստատելու համար մեկնողներ։ Ուզում եմ ասել՝ այս միտումները չեն պայմանավորված կորոնավիրուսի ճգնաժամով, այլ, ըստ էության, քաղաքական անորոշության, ֆինանսատնտեսական խոր տագնապի և դրա հետևանք հանդիսացող սոցիալական խնդիրներով։

    – Որքանո՞վ են լուրջ սոցիալական խնդիրների առաջ կանգնել լիբանանահայերը։

    – Շատ լուրջ,ես կասեի՝ աննախադեպ տարողությամբ խոր ճգնաժամ: Անգամ քաղաքական պատերազմի ամենաթեժ հանգրվաններին նման տարողունակ չէր եղել սոցիալական իրավիճակը։ Դա սերտորեն առնչվում է քաղաքական դրդապատճառներով տնտեսական պաշարման ենթարկված Լիբանանի և այդ շրջածիրում բանկային համակարգի կաթվածահար վիճակի հետ։ Ամբողջ հասարակությունն է հայտնվել այս պայմաններում, և լիբանանահայությունը կրում է միևնույն հետևանքները։

    – Փորձագետները չեն բացառում քաղաքացիական պատերազմի վտանգ Լիբանանում։ Այս դեմքում ինչպե՞ս են դիրքավորվելու լիբանանահայերը:

    – Քաղաքացիական պատերազմի ուրվականը միշտ շրջում է լիբանանյան երկնքում: Միջհամայնքային ներքին լարվածության հերթական գրանցումը դուռ կբացի նման մեկնաբանությունների և կանխատեսումների՝ չբացառելով նման հավանականություն, այս պահի դրությամբ, չեմ կարծում, թե պատերազմ կբռնկվի։ Կլինեն բախումներ, տեղայնացված, սահմանափակ, որոնք կզսպվեն։ Վերահսկելի ցնցումներով կհատկանշվի հետագա ժամանակահատվածը։ Լիբանանը շարունակում է հեռակառավարվել, և դրա համար արտաքին կենտրոններից պարտադրվող օրակարգերը դեռևս ցնցումային իրավիճակում կպահեն երկիրը։

    Հարցազրույցը ներկայացվեց առանց խմբագրման

    Աղբյուրը՝ 1in.am