Ամանորյա եռուզեռն արդեն սկսվել է մայրաքաղաքում: Երևանյան ռեստորաններից ու ժամանցային ակումբներից շատերն արդեն ներկայացրել են, թե ինչ է սպասվում իրենց հաճախորդներին Ամանորի գիշերը:
AraratNews.am-ը ձեզ է ներկայացնում ժամանցի վայրերի ամանորյա ծրագրերի ամբողջական փաթեթը.
«Մոնարխ»
12 զանգերի ղողանջով ու «Մոնարխ» նվագախմբի կախարդական նվագակցությամբ սկսվելու է խնջույքը։ Մինչ ուշ գիշեր շարունակվող խրախճանքն իրենց ներկայությամբ կգան պատվելու նաև Project 12-ն ու DJ-ը, որ մարդիկ գինարբուքը շարունակեն մինչև լուսաբաց… Ամանորյա գիշերը «Մոնարխում» անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 50000 դրամ (մեկ հոգին): Ամանորյա սեղանին կլինի սառը խորտիկների ամբողջական տեսականին, երկու տեսակի աղցան, մրգեր, ջրեղեն և կոմպոտ: Ցանկության դեպքում հաճախորդներն իրենց հաշվին կարող են նաև տաք ուտեստներ պատվիրել:
«Փրայմ հոլ»
«ՓՐԱՅՄ ՀՈԼ» ռեստորանային համալիրը շքեղ տոնական շոու ծրագիր է պատրաստել ընտանիքի բոլոր անդամների համար: Երեկոն ուրախ և անմոռանալի են դարձնելու Prime Band-ը, Կարոլինա Խարատյանը և երեկոյի հատուկ հյուր Արկադի Դումիկյանը: Երեկոն վարելու են Անահիտ Կիրակոսյանը և Կարեն Հովհաննիսյանը։ Մեկ անձի համար նախատեսված տոմսի արժեքը 45000-50000 դրամ է՝ կախված տեղից: 31-ի գիշերն ամանորյա սեղանին լինելու է 2 տաք ուտեստ, 3 տեսակի աղցան, գինի, զովացուցիչ ըմպելիք, կոմպոտ, սուրճ և թեյ:
«Բելաջիո»
«Bellagio» ռեստորանային համալիրում ձեզ սպասվում է պայծառ, անմոռանալի և իսկապես կախարդական երեկո։ Իրենց գեղեցիկ կատարումներով երեկոն կզարդարեն Սարոն, Գևորգ Մարտիրոսյանը, Լիանան, Նիկ Եգիբյանը, Գայա Արզումանյանը, Ռուզան Ավետիքյանը, Արսեն Գրիգորյանը, Լուսինե Պողոսյանը և «Բելաջիո Բենդը»։ Երեկոն կվարեն Սամվել Գրիգորյանը և Մաշան: Կլինեն նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Փաթեթը ներառում է անկրկնելի տոնական սեղան, բարձրակարգ սպասարկում, նվերներ և հրավառություն։
«Bellagio»-ում դեկտեմբերի 31-ն անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 50000 դրամ (մեկ հոգու համար): Ամանորյա սեղանին կլինեն ձկնային խորտիկներ, նրբաբլիթներ, խորոված, 3 տեսակի աղցան, միրգ, բանջարեղեն, օղի, գինի, կոնյակ, շամպայն:
«Ֆլորենս»
Դեկտեմբերի 31-ին` ժամը 23:00-ին. «Florence» ռեստորանային համալիրն ամփոփում է տարին և դրական լիցքերով դիմավորում Ամանորը՝ շրջապատված ամենավառ և սիրված աստղերով: Գրիշա Աղախանյանը, Շողեր Թովմասյանը, Արամ Mp3-ն, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Florence Band-ը և Shamamyan Dance Studio-ն սպասելու են ձեզ «Florence» ռեստորանում: Մեկ հոգու համար նախատեսված տոմսի արժեքը 30000 դրամ է: Ամանորյա սեղանը կարող եք պատվիրել առանձին՝ ձեր հաշվին:
«Կովկաս»
«Կովկաս» ռեստորանային համալիրում ամանորյա երեկոն կարող եք դիմավորել «Արշակունյաց» և «Բագրատունյաց» սրահներում: «Արշակունյաց» սրահում տոմսի արժեքը 10000 դրամ է, իսկ «Բագրատունյացում»՝ 7500 դրամ: «Արշակունյաց» սրահում հանդես կգան «Կովկաս» համույթը՝ Հովհաննես Մանուչարյանի գլխավորությամբ, «Կովկաս» պարային համույթը: «Բագրատունյաց» սրահում կլինի DJ: Երկու սրահներում էլ ամանորյա սեղանի ճաշացանկն անհրաժեշտ է պատվիրել նախապես՝ հավելյալ վճարելով սննդի համար:
«Օջախ»
«Օջախ» ռեստորանային համալիրում երեկոն անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 25000 դրամ: Ամանորյա սեղանին լինելու է տաք ուտեստ և խմիչք: Ելույթ են ունենալու «Օջախ» համույթի երգիչները:
«Փարավոն»
«Փարավոն» ռեստորանային համալիրում ամանորյա երեկոն անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 55000 դրամ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Արա Մարտիրոսյանը, Հայկոն, Էրիկ Կարապետյանը, կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը, «Փարավոն» բենդը, DJ-ը: Ամանորյա սեղանին կլինի երկու տաք ուտեստ, աղցաններ, օղի և գինի:
«Մեցցո»
«Մեցցո» ակումբում ամանորյա երեկոն դիմավորելու համար անհրաժեշտ է վճարել 15000-20000, 25000-30000 դրամ: Գումարային տատանումները կախված են տեղից ու նախընտրած ճաշացանկից: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Կարինե Առուստամյանը, DJ Ալենը և Ness Band-ը:
«Կամի»
«Կամիում» ամանորը դիմավորելու համար անհրաժեշտ է մեկ հոգու համար վճարել 30000-40000 դրամ: 30000 դրամանոց փաթեթում ճաշացանկն ընդգրկված չէ, 40000 դրամանոց փաթեթի ճաշացանկում ընդգրկված են սուշիի երեք տեսակ, ռոլեր, մրգեր, կարմիր ձկնկիթ, աղանձ, գինի: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Kami Friends Project-ը՝ մինչև ժամը 4-ը, այնուհետև՝ DJ-ը: