«Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի և սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ: Քրիստոնեության տեսակետից մարդը իրավունք չունի միջամտություն անելու իր կյանքի և մահվան հարցում»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ավելացնելով, որ էֆթանազիան մարդուն հեռացնում է Աստծուց: Բժիշկ Մարատ Զաքարյանը, անդրադառնալով այս թեմային, ասաց, որ կա էֆթանազիայի երկու տեսակ.«Առանձնանում են էֆթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ՝ եթե հիվանդին մահացու դեղամիջոց են ներարկում կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ կատարում, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։ Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆթանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանավորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆթանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքն արտահայտել»,- ասաց Մարատ Զաքարյանը` նկատելով, որ ոչ բոլոր բժիշկներն են հակված էֆթանազիային, քանի որ միշտ կարող է լինել հույսի նշույլը, որ մարդը կառողջանա։