տուն Լուրեր Ինչ էր կատարվում 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի և բուն ընտրության օրը...

Ինչ էր կատարվում 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի և բուն ընտրության օրը (տեսանյութ)

132
0

Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցան ՀՀ Նախագահական ընտրությունները: Մինչև ընտրությունների օրը ներկայացնելը, վերհիշենք,  թե ինչ դիրքորոշում ունեցան ՀՀ քաղաքական կուսակցությունները նախագահական ընտրություններում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը իրավամբ երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում, չարդարացրեց իր ընտրողների սպասելիքներն ու չառաջադրեց որևէ թեկնածու: Նույն կերպ վարվեց նաև Հայ Ազգային Կոնգրեսը: Ըստ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք էր տրամադրվել 15 անձի՝ Վարդան Սեդրակյանին, Արամ Կարապետյանին, Զարուհի Հարությունյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին,Պարույր Հայրիկյանին,Նարինե Մկրտչյանին,Անդրիաս Ղուկասյանին,Մհեր Հայրապետյանին, Արամ Ս. Հարությունյանին, Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, Պավլիկ Սարգսյանին, Արման Մելիքյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Ռոբերտ Ահարոնյանին: Քարոզարշավը մեկնարկեց 2013 թ. հունվարի 21-ին, տևեց  մինչև փետրվարի 16-ը և անցավ բավական հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ սկսեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև։ Նա պահանջում էր  ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը։ Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց Երևանի Տպագրիչների փողոցում։ Վերջինս փետրվարի 5-ին հայտարարեց, որ չի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան՝ խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով։ Սակայն, փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով, իսկ փետրվարի 11-ին հետ վերցրեց դիմումը։ Քվեարկությանն, ընդհանուր առմամբ, 2.529.016 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցեց 1.521.931-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 60.18%-ը: Անվավեր  համարվեց 50.992 քվեաթերթիկ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Բագրատյան Հրանտ — 31643՝ 2.15%

Հայրիկյան Պարույր — 18093՝ 1.23%

Հովհաննիսյան Րաֆֆի — 539.674՝ 36.74%

Ղուկասյան Անդրիաս — 8328՝ 0.57%

Մելիքյան Արման — 3520՝ 0.24%

Սարգսյան Սերժ — 861.378՝ 58.64%

Սեդրակյան Վարդան — 6203՝ 0.42%։

Ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կերդվի, ինչից հետո սկսվեցին Րաֆֆի Հովհանիսյանի կողմից կազմակերպված բազմամամարդ հանրահավաքները: Ի վերջո, ապրիլի 9-ին՝ երդմնակալության օրը, Ծիծեռնակաբերդում «Հայր Մեր» աղոթքով ավարտվեցին «Րաֆֆի նախագահ» հանրահավաքները։

Մանրամանսները տեսանյութում, որտեղ ներկայացնում ենք հետաքրքիր պահեր ընտրությունների երկու առաջատարներիˋ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավներից և հենց ընտրության օրից: