2014թ հունվարի 1-ից գործողության մեջ է մտնելու կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգը, որին 1974թ. հետո ծնված բոլոր աշխատողների մասնակցությունը պարտադիր է լինելու: Այս նոր համակարգին միանալու համար աշխատողները մի քանի քայլ են կատարելու: Նախ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել կեսաթոշակային ֆոնդերն ու դրանց կառավարիչներին՝ հասկանալու համար՝ ով ինչ ֆոնդեր է առաջարկում, որի պայմաններն են առավել շահեկան տվյալ աշխատողի համար: Ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու 2 ձև կա: Անձնագրով և սոցքարտով (կամ սոցքարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքով) ներկայանալ Հայփոստ կամ բանկ, որտեղ կօգնեն կատարել համապատասխան ընտրություն: Երկրորդ տարբերակը նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային համակարգով՝ epension.am կայքում ընտրություն կատարելն է: Դրա համար պետք է ունենալ նույնականացման քարտը կարդացող սարք (այն կլինի մոտ 3 հազար դրամ), միացնել այն համակարգչին, մուտքագրել PIN կոդը (տրվում է նույնականացման քարտի հետ), «Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն» դիմումը, լրացնել, այնուհետև սեղմել «պահպանել» և «ընդունել» կոճակները:
Նրանք, ովքեր կդժվարանան ընտրություն կատարել ֆոնդի կառավարիչների միջև, կամ պարզապես ոչինչ չեն անի, նրանց փոխարեն ընտրությունը կանի համակարգը՝ պատահականության սկզբունքով:
Այս պահին դեռևս հստակ չեն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները՝ լիցենզավորման գործընթացը դեռ շարունակվում է: Ամեն դեպքում, ամենաուշը եկող տարվա առաջին աշխատավարձը ստանալու օրից (հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ) առնվազն մեկ ամիս առաջ՝ այս տարվա դեկտեմբերի վերջից, համակարգը ամբողջությամբ պատրաստ է լինելու և աշխատողներն արդեն կարողանալու են ընտրություն կատարել:
Հայկ Մանուկյան