ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքը քրեականացնելու մասին նախագիծը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ քննարկման արդյունքում ստացվում է, որ շերտավորում է տեղի ունենում պաշտպանվելու իրավունքի առնչությամբ։
«Միայն խոցելի խմբերին ենք պաշտպանում, բայց մյուս խմբերին, ըստ էության, թողնում ենք ինքնակարգավորման դաշտում։ Բայց այդպես սխալ է»,- ասաց նա։
Թովմասյանն օրինակ բերեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից․ «Աննա Հակոբյանն ընդամենը մի անշառ առաջարկ արեց, որ եկեք «տոլմաներից ու բլինչիկներից» ազատվենք ու գնանք Նոր տարին վայելենք։ Ինչ արեցին իր հետ հայտնի ուղղորդված ուժերը։ Ինչ բառապաշարով, ատելության ինչ չափաբաժնով այդ մարդուն սկսեցին պատասխանել և վարկաբեկել։ Հիմա Աննա Հակոբյանն ինչպե՞ս պետք է պաշտպանվի»։
Պատգամավորի խոսքով՝ Հակոբյանը խոցելի խումբ չէ, և ինչ պետք է արվի այդ պարագայում։
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ատելությունն ուղղորդվում է հայտնի մարդկանց ուղղությամբ։
«Ես կարծում եմ, որ մեր նախաձեռնությունը պետք է լինի ընդգրկուն։ Մենք չպիտի հնարավորություն տանք ինքնապաշտպանվելու կամ պաշտպանվելու կոնկրետ խմբերին։ Բոլորի վրա պետք է տարածվի, եթե բոլորի վրա չի տարածվելու, մենք անպտուղ գործունեությամբ ենք զբաղվելու»,- ընդգծեց Թովմասյանը։