տուն Քաղաքական Վերլուծական Ի՞նչ գնահատական կտա Զուրաբյանը իր իսկ մեկնաբանությանը

Ի՞նչ գնահատական կտա Զուրաբյանը իր իսկ մեկնաբանությանը

427
0

Լևոն Զուրաբյանը, Newsbook.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կիսու՞մ է արդյոք տեսակետը,  որ  ԵԽԽՎ-ն Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը «տալու տեղը չէր», ասել է. «Այն մարդը, ում այդ հարցը ուղղված էր, գուցե և արժանի էր այդ հարցին, բայց արդյո՞ք նման հարցին արժանի է մեր պետությունը և մեր ժողովուրդը,  դա չգիտեմ»։

Իհարկե, ելնելով հարցի նախաբանից, որը հնչեցրել էր Փոստանջյանը, հստակ է, որ այդ մարդը` Սերժ Սարգսյանը, լիովին արժանի էր նման հարցի, և Զուրաբյանը այս մասով գոնե պետք է համաձայներ, սակայն տարակուսանք է առաջացնում նրա պատասխանի շարունակությունը: Ի՞նչ է նշանակում՝ արժանի՞ էր արդյոք նման հարցի մեր պետությունն ու ժողովուրդը: Իսկ ինչպիսի՞ հարց պետք է լիներ, որին մեր ժողովուրդը արժանի լիներ: Եթե մի փոքր լարենք մեր հիշողությունները, ապա այս և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ ամենից շատ արտահայտվում են Զուրաբյանի թիմակիցներն ու համակիրները: Մի՞թե արժանի է այդ ամենին հայ ժողովուրդը, մի՞թե արժանի է այդ ամենին մեր պետությունը: Միթե արժանի է մեր ժողովուրդը, երբ ամեն մի անհաջող ընտրություններից հետո, իշխանություններից զատ, մեղադրանքների ու վիրավորանքների մի ամբողջ շարան է հնչեցվում այդ նույն ժողովրդի հասցեին` է՛լ կաշառակեր, է՛լ 5000-ոց, է՛լ գող կատու, է՛լ քաչալ շուն: Մի՞թե արժանի է հայ ժողովուրդը և մեր պետությունը, երբ ամեն օր նմանատիպ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչեցվում այդ նույն Սերժ Սարգսյանի հասցեին, իհարկե, հիմնականում օբյեկտիվորեն: Ինչ է, միջազգային հարթակում պետք է կապել փողկապները և դեմքի լուրջ արտահայտությամբ քաղաքականություն-քաղաքականությո՞ւն խաղալ: Զուրաբյանի տեսակետը այս պայմաններում գրեթե մոտենում է ռեժիմի տեսակետին, իսկ ռեժիմի տեսակետներին երբեմն ճակատագրի հեգնանքով մոտ տեսակետներ ունեցողներին Զուրաբյանը չի վարանում իշխանական պրոյեկտներ անվանելուց: Սպասենք, տեսնենք, թե ինչ գնահատական կտա ինքը` Զուրաբյանը իր իսկ մեկնաբանությանը: Զուրաբյանը չգիտես ինչու դեռևս մեկնաբանություն չի տալիս Հովիկ Աբրահամյանի՝ Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու իրավաչափության վերաբերյալ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը չէր կարող գործել Սերժ Սարգսյանից անկախ, և հաշվի առնելով մինչ այժմ եղած փորձը, Զուրաբյանը պետք է միանշանակ բացասական վերաբերվեր այս հայտարարությանը, մանավանդ, ինչպես պարզվեց, այն առնվազն ոչ իրավաչափ էր:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here