տուն Քաղաքական Վերլուծական Ինչքան կլինի չինովնիկների աշխատավարձը

Ինչքան կլինի չինովնիկների աշխատավարձը

552
0

Եկող տարվանից Հայաստանում կներդրվի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Դրանով փորձ կարվի կարգավորել այն անտրամաբանական անհամամասնությունները, որ կան այսօր, ինչպես, օրինակ, այն, որ Սահմանադրական դատարանի նախագահը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ՀՀ նախագահը:

Նոր համակարգով ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան դառնում է ՀՀ նախագահը (այս համակարգի մեջ, թերևս, միայն Կենտրոնական բանկը չի մտնում, որի աշխատակիցների աշխատավարձերը սահմանվում եմ ամեն տարի` բյուջեի հետ միասին):

Լինելու է բազային աշխատավարձ, որի նկատմամբ ամենամեծ գործակիցը ունենալու է ՀՀ նախագահը` 20: Նրան հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝  18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15:  Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը ևս 15 է, ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12:

Նոր համակարգը ներդնելու դեպքում տարբեր պաշտոնյաների աշխատավարձերը տարբեր չափով կավելանան: Նույն կատեգորիայի այն պաշտոնյաները, որոնց աշխատավարձը ավելի ցածր է, ավելի շատ ավելացում կունենան: Օրինակ՝ եթե մի նախարարի խորհրդականը ավելի շատ է ստանում, քան մյուսը, ապա (նույն ստաժի դեպքում) ցածր վարձատրվող խորհրդականի աշխատավարձն ավելի շատ կբարձրանա: Եթե նոր համակարգով հաշվարկված պաշտոնյայի դրույքաչափը  ցածր լինի գործողից, կպահպանվի գործող դրույքաչափը: Ամեն դեպքում, դեռևս ամբողջությամբ հաշվարկված չեն, թե կոնկրետ որ պաշտոնյայինը որքան կբարձրանա:

Ելնելով բազային աշխատավարձից (քաղծառայողների բազային աշխատավարձը այժմ 40 հազար դրամ է, 2014-ի հուլիսի 1-ից կդառնա 66 հազար 140 դրամ), տվյալ պաշտոնի գործակցից և ստաժից` որոշ հաշվարկներ կարելի է անել:

Օրինակ` եթե կրտսեր պաշտոնի երրորդ (ամենացածր) ենթախմբի քիչ ստաժով քաղծառայողն այսօր ստանում է մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ապա 2014-ի հուլիսի 1-ից այն կդառնա մոտ 100 հազար դրամ: Միջին ստաժով կրտսեր պաշտոնյան (երկրորդ ենթախմբի) այժմ ստանում է 88 հազար դրամ: Դա կդառնա 155 հազար դրամ, այսինքն՝ կաճի 76%-ով: Երկար տարիների ստաժով ու առաջատարի առաջին խմբում գտնվող պաշտոնյաների աշխատավարձը 134.4 հազար դրամից կդառնա 240 հազար  դրամ (80%):

Միջին ստաժով գլխավոր պաշտոնի երկրորդ ենթախմբի աշխատավարձը 175 հազարից դառնալու է 353 հազար (աճը՝ մոտ 2 անգամ), իսկ միջին ստաժով բարձրագույն պաշտոնի երկրորդ ենթախմբինը՝ 200 հազարից 4 հարյուր հազար:

 

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here