Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամբողջ բնակչությանը հուզում է այն հարցը, թե ինչքան գումար է անհրաժեշտ Ամանորի տոնական սեղան ունենալու համար: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը araratnews.am-ին տված հարցազրույցում նշեց. «Քանի որ ցուցանիշները տարբեր են, ես կխոսեմ քիչ վճարունակ խավի մասին: Ես մտածում եմ, որ 200- 500 հազար դրամից ոչ պակաս կծախսվի ամանորյա ծախսերի համար,ես դա ասում եմ քիչ վճարունակ խավի մասին»:
Արմեն Պողոսյանի կարծիքով մեր հայրենակիցներն առաջին հերթին իրենց գումարները ծախսում են մսեղեն գնելու համար. «Ոնց որ հոգու պարտք է, թե ինչ է, այն ձգտումն է, որ մարդիկ ուզում են պատշաճ լինի ամեն ինչ: Իսկ տոլման, ինչպես գիտենք, պարտադիր է, վերջերս մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում նաև խոզի բդին, իսկ միրգն ու քաղցրավենիքը ուզես-չուզես պետք է լինի»: Սպառողների միության նախագահի կարծիքով Ամանորը ամենալավ տոներից մեկն է, բայց դրա հետ մեկտեղ շատ ծախսատար է. «Մեր բնակչության մեջ մի խավ կա, որը բանկերից վարկեր է վերցնում, որպեսզի Ամանորին պատշաճ սեղան ունենա»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը: