Երեքշաբթի օրը ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հասարակական կազմակերպություններին կոչ արեց համախմբվել միասնական շտաբում առաջիկա մարտահրավերներին պատրաստվելու համար.«Առաջարկում եմ բոլոր երիտասարդական հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին ու անհատներին արձագանքել, միավորվել և ստեղծել նոր պլատֆորմ, միասնական կոլեգիալ մարմին, որպեսզի Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաև կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացներին զուգընթաց գործընթացներ ծավալվեն նաև ոչ կուսակցական, այսինքն՝ հասարակական սեկտորում։ Նախատեսվում է կառույցի գործունեությունը սկսել մարտի 28-ից»,- հայտարարել էր պատգամավորը։ AraratNews.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ իր հայտարարությունից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել և իրենք պատրաստվում են ակտիվ աշխատանքի. «Արդեն մի տասնյակից ավել հասարակական երիտասարդական կառույցներ արձագանքել են իմ երեկվա կոչին, հուսով եմ, որ մինչ մարտի 28-ը բոլոր մտահոգ և խիզախ երիտասարդները կմիանան»,-եզրափակեց իր խոսքը պատգամավորը: