տուն Լուրեր Ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ իր ռեժիմի պատգամավորներն են

Ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ իր ռեժիմի պատգամավորներն են

243
0

78

ԱԺ հերթական քառօրյան ավարտվեց: Ինչպես գիտենք, այս քառօրյայի ընթացքում խմբակցությունները քննարկում էին նոր կառավարության նոր ծրագիրը, որն ի վերջո 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: Եթե ամփոփելու լինենք անցած քառօրյան՝ ապա պետք է արձանագրենք, որ ինչքան էլ դրա ժամանակ երկրի համար կարևորագույն հարց էր քաննարկվում, այնուամենայնիվ, ոչնչով չտարբերվեց նախորդներից` սպասվածի նման մեծամասնությունը ջանք չխնայեց համոզելու համար, որ կառավարության ներկայացրած ծրագրի նմանը էլ չկա, իսկ ընդդիմությունն էլ, էլի սովորականի նման, խոսեց, քննարկեց, բայց այդպես էլ սուր քննադատության չենթարկեց ինչպես հարկն էր, ավելին՝ նույնիսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն այս նոր ծրագրից «ծրագրի հոտ է առնում»: Միակ պատգամավորը, ով իր ելույթով ու հարցերով «իրերն իրենց անուններով կոչեց»՝ Նիկոլ Փաշինյանն էր: Պատգամավորը ԱԺ ամբիոնից խոսեց այն ամենի մասին, ինչն ակնհայտ է, ինչի մասին բոլորը գիտեն, բայց քչերն են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում: Ու սա է պատճառը, որ Փաշինյանի ելույթից րոպեներ հետո համացանցում բոլորը սկսեցին հիացմունքի խոսքեր ասել նրա հասցեին: Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ական կարկառուն դեմքերից մի քանիսը՝ ի դեմս Գալուստ Սահակյանի, Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի, փորձեցին Փաշինյանի ասածին համարժեք պատասխան տալ, ինչը կարծում եմ չստացվեց, քանի որ հարցերին, որի պատասխանը բոլորը գիտեն, չեն պատասխանում միայն վերամբարձ բառերով, այդ բառերը, որոնք իրականության հետ կապ չունեն ավելի են բարդացնում պատասխանող կողմի վիճակը, որովհետև դրանք փաստացի սուտ են ու դրա մասին բոլորը գիտեն:

Այս քառօրյայի ընթացքում իր մտքի թռիչքով «փայլեց» նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այն ժամանակ, երբ ասաց, որ ինքն իր հայտարարագրած ունեցվածքը ձեռք է բերել հողագործությամբ: Այս հայտարարությամբ, կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ապացուցեց իր հայաստանյան իրականության հետ կապ չունենալու հանգամանքը և միևնույն ժամանակ՝ հեգնելով հանրությանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախարարները բիզնես չունեն: Կարծում եմ թեմայի շուրջ այլևս ասելիք չկա:

ԱԺ քառօրյայից հատկապես ուշագրավ էր քվերակության օրը, երբ պատգամավորներից մի քանիսին՝ Վարդան Այվազյանին, Առաքել Մովսիսիյանին, Արայիկ Գրիգորյանին հարբած «բերման էին ենթարկել» նիստերի դահլիճ՝ քվերակության ցանկալի արդյունք ապահովելու համար:  Նրանք բոլորը Սերժ Սարգսյանի կադրերն են, ու այստեղից արդեն պարզ է,  որ իրենք  նման վարք դրսևորել չէին կարող, եթե չհովանավորվեին նույն Սերժ Սարգսյանի կողմից կամ գոնե իմանային, որ իրենց այդ արարքը պատժվելու է: Այնպես որ,  ինչպիսին երկրի ղեկավարն  է ու իր հիմնած  ռեժիմը, այնպիսին էլ այդ ռեժիմի մեջ ներառված  կամազուրկ պատգամավորներն են:

Էմմա Պալյան