ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ Արման Սուֆլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման մասին համաձայնագրի առանձնահատկությունները:
«Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ պայմանագիրը ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից: Դիվանագիտական անձնագրերի մասով դա վիզաների պահանջից ազատումն է, իսկ սովորական անձնագրեր կրող քաղաքացիների համար վիզայի տրամադրման դյուրացում է ենթադրում: Սա իր հերթին մի քանի մասի է բաժանվում: Առաջին հերթին վիզայի արժեքի պակասեցումն է 60 եվրոյից մինչև 35 եվրո, դիմումի քննարկման ժամկետների նվազեցումն է և փաստաթղթերի ցանկի կրճատումը»,- ասում է նա:
Պայմանագրով սահմանվում են մարդկանց որոշ կատեգորիաներ, որոնց վիզա տրվում է անվճար: Նրանք են՝ պետական աշխատողները, գործարարները, լրագրողները, ուսանողները, մինչև 12 տարեկան երեխաները, հաշմանդամներն ու բուժման նպատակով արտերկիր մեկնողները:
«Մասնավորապես՝ լրագրողներին ԵՄ երկրներ մուտքի արտոնագիրն անվճար տրամադրվում է, եթե լրագրողն այդ երկիր է մեկնում գործուղմամբ: Իսկ եթե տվյալ կատեգորիայի անձինք տուրիստական այցով են մեկնում, համաձայնագրի այդ կետը նրանց վրա չի տարածվում:
Համաձայնագրին չեն միացել Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան, կան սահմանափակումներ Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Կիպրոսի դեպքում»,- ասում է Արման Սուֆլյանը:
Դեսպանատանը խնդիր առաջանալու դեպքում քաղաքացիները հիմնականում զանգահարում են ԱԳՆ, ինչը, սակայն, նախարարության լիազորությունների մեջ չի մտնում: Իսկ համապատասխան կառույցը, որը կկարգավորի որևէ երկրի դեսպանատան հետ առաջացած խնդիրները, Հայաստանում բացակայում է:
Անի Պետրոսյան