Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-21-ը Հայաստանի, Արցախի լրագրողները այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Արցախ եւ Հայաստան:
Վերադարձից հետո հայ լրագրողները անմիջապես գրեցին իրենց տպավորությունների մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե հապաղում են: Միայն երեկ՝ համարյա կեսգիշերին, հրապարակվեց Հայաստան այցելած Էլշան Ռուստամովի՝ «Ես երբեք չեմ հանդիպել ադրբեջանցու» հոդվածը:
Ինչպեսեւ սպասելի էր, հոդվածում կարմիր թելի նման անցնում են Ադրբեջանի քարոզչական չհիմնավորված, անհեթեթ թեզերը՝ իբր Արցախը ադրբեջանական հող է, Ադրբեջանում իբր հազարավոր հայեր են ապրում, ինչքան մարդասեր ու խաղաղ են ադրբեջանցիները, անգամ ակնարկ Երեւանի՝ Ադրբեջանի տարածք լինելու զառանցանքի մասին:
Ի պատասխան այս ամենին ադրբեջանցի լրագրողներին հիշեցնենք ընդամենը մեկ փաստ, թե ինչպես 1921 թվի հուլիսի 5-ին Ստալինը, խորհրդային կարգերի հաստատումից հետո չեղյալ համարեց կովկասյան բյուրոյի նույն թվականի հուլիսի 4-ի որոշումը Արցախը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին, եւ Արցախը բռնակցեց Ադրբեջանին: Իսկ 1988-ին, երբ սկսվեց խորհրդային կարգերի փլուզումը, եւ Արցախի ժողովուրդը հայտարարեց ինքնորոշման մասին՝ ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:
1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Ադրբեջանի իշխանությունը, սակայն, շարունակեց էթնիկ զտումները, որոնք վերաճեցին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների: 1994 թվականին կնքվեց հրադադար, որը, չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:
Հոդվածագիրը առանձնակի շեշտադրումներով գրում է Ադրբեջանի եւ Իրանի ընդհանրությունների մասին՝ հիմք ընդունելով Երեւանի մզկիթը, ապա «ցավով» փաստում, որ իր ազգի պատմության մասին ոչ մի նշույլ չկա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի պատմության մասին գրված լիներ, եթե մզկիթը կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին, երբ Ադրբեջանը գոյություն էլ չի ունեցել: Սա նաեւ հիշեցնում ենք Ադրբեջանի նախագահի համար, որը չհիմնավորված, պատմությունը խեղաթյուրող հայտարարություն էր արել, թե իբր Երեւանն ու Զանգեզուրը ադրբեջանական հող են:
Լրագրողը զարմանում է եւ փաստում՝ իրեն հանդիպած հայերը «խեղաթյուրված» պատկերացում ունեն ադրբեջանցիների մասին, չեն վստահում նրանց, սակայն մոռանում է՝ քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովին եւ նրան հերոսացնելու խայտառակ քաղաքականությունը: Դե, Սումգայիթի ջարդերի մասին էլ չենք խոսում: Լրագրողն ամեն կերպ ջանում է նաև ցույց տալ, որ հայերն եւ ադրբեջանցիները կարող են համատեղ խաղաղ ապրել՝ վկայակոչելով ԽՍՀՄ տարիները:
Հոդվածի մյուս մասը համեմատաբար չեզոք է, թեեւ որոշակի «խայթոցներ» կան: Հետաքրքիր է, որ ազերի լրագրողն ուշադրություն է դարձրել ամեն մանրուքին, անգամ Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքին: Լրագրողը երկիրն անվանում է հակասական, որտեղ մարզերի եւ քաղաքի միջեւ մեծ տարբերություն կա, մայրաքաղաքը համարում միատոն, քանի որ միայն տուֆ են օգտագործում:
Ըստ Էլշան Ռուստամովի՝ Երեւանում ընթացող շինարարարական հսկա աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո: Նա նաև չի մոռանում Սերժ Սարգսյանի, Հայաստանում նրա ընտանիքի դեմ ատելությունը, հիշատակում է Երեւանի շախմատի տունը, զարմանում, որ դեռ տրոլեյբուսներ կան մայրաքաղաքում:
Հոդվածագիրը կարևորում է նման նախաձեռնություները, նման շփումները, սակայն չի կարողանում ձերբազատվել Ադրբեջանի անհեթեթ քարոզչական թեզերից, ասելով, որ երբեք ոչ մի ադրբեջանցի չի համաձայնի իբր իրենց հողի վրա երկրորդ հայկական պետության ստեղծմանը։ Այսպես ավարտվում է հոդվածը, որը, փաստորեն, դեռ շարունակություն է ունենալու:
Ինչ են ասում հայ լրագրողները: Նրանց հայտարարությունները զերծ են պետական քարոզչական թեզերից: Ազատ ու դրական են խոսում Բաքվի մասին, քան ադրբեջանցի լրագրողը:
Ադրբեջան մեկնած լրագրող Էդգար Էլբակյանը Araratnews.am-ի զրույցում ադրբեջանցի լրագրողների ուշ արձագանքը պայմանավորում է պետական քաղաքականության հետ համաձայնեցնելու հանգամանքով: Ավելին՝ կարծում է՝ ի տարբերություն իրենց, ադրբեջանցի լրագրողները փոքր-ինչ ազատ էին Երեւանում, Դիլիջանում եւ Արցախում:
Հայ լրագրողը կարծում է՝ այս այցելությունը կառաջացնի փոքր, բայց դրական տեղաշարժ: «Պետք չէ գերագնահատել այս այցերը: Թշնամի երկրները հնարավորություն ունեն միմյանց ճանաչել, հետազոտել, կապեր հաստատել, պարզ, մարդկային ծանոթություն, որոնք գուցե հիմա ոչինչ չեն տա, բայց չես կարող ասել՝ 5-10 տարի հետո ինչ կլինի: Ինչ կլինի ասելով նկատի չունեմ հանգուցալուծում ի վնաս մեզ: Ինչքան ավելի շուտ հումանիտար խողովակը սկսի զարգանալ, այնքան հեշտ կլինի»,- ավարտեց իր խոսքը Էդգար Էլբակյանը:
Սոնա Դավթյան