Իրաքի Սինջար եզդիբնակ շրջանի բնակիչ Նաիֆ Մուրադ Սրոն արդեն մի քանի օր է՝ Թուրքիայի Բաթման քաղաքում է ապաստան գտել: Նա այնտեղ է հասել Սինջար լեռից: Նրան Բաթման օգնել են Քուրդիստանի Բանվորական կուսակցության զինյալներն, ովքեր այս օրերին բավական մեծ աջակցություն են ցուցաբերում եզդի փախստականներին: Նաիֆը Բաթմանում է իր եղբայրենրի, նրանց կանանց և երեխաների հետ: Սինջար լեռան վրա նրա 3 տարեկան դուստրը` Ջամիլան մահացել է.«Մենք ստիպված եղանք աղջկաս թաղել լեռներում, քարերի տակ, քանի որ այլ հնար չկար, մենք ինքներս էլ չգիտեինք ողջ մնալու էինք, թե չէ: Ջամիլայիս թաղեցինք հենց մի քանի քարերի տակ: Աղջիկս միակ մահացող մանուկը չէր` մեր շուրջը հարյուրավոր ծնողներ կային, որ իրենց երեխաներին թաղեցին լեռների վրա,- ասաց Նաիֆը` սրբելով արցունքները: Նաիֆի կինը՝ Լեյլան, չկարողացավ խոսել դստեր մասին՝ իր համար Ջամիլան դեռ ողջ էր, ու հրաժարվում էր հավատալ կատարվածին: Սինջարի մարզում այս պահին էլ մարտեր են ընթանում, և եզդիական ջոկատը կարողանում է եզդիբնակ գյուղերը հետ վերցնել, սակայն շատ եզդիներ հրաժարվում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: Այդպես է մտածում նաև Նաիֆի կինը՝ Լեյլան: Նա համոզված է, որ մուսուլմանները նրանց հանգիստ չեն տա, և, եթե անգամ հիմա խաղաղություն լինի, ապա չի բացառվում, որ մեկ ամիս անց իրենք ստիպված կլինեն նույն դժոխքի միջով անցնել. «Ես չեմ ցանկանում վերադառնալ: Ինչ մեղավոր են երեխաներս, որ պետք է ևս մեկ անգամ այս դժոխքի միջով անցնեն: Հասկանո՞ւմ եք, մեզ միայն ահաբեկիչները չէ, որ սպանում էին։ Մեզ սպանում էին նաև մեր տասնյակ տարիների հարևանները, ում հետ մենք լավ և վատ օր ենք անցկացրել: Արաբները ահաբեկիչների ներխուժումից հետո սկսեցին հարձակվել իրենց հարևան եզդիների վրա, և շատերը հենց իրենց հարևանների ձեռքով սպանվեցին: Մեր կրոնում անեծքը մեղք է համարվում, սակայն ես այդ մեղքը ինձ վրա կվերցնեմ և կանիծեմ նրանց սերունդներին` թող նրանք ևս տեսնեն այն, ինչ տեսան իմ երեխաները, թող նրանք ևս ստիպված լինեն թաղել իրենց երեխաններին քարերի տակ, թող նրանք նույնպես կորցնեն իրենց տունն ու տեղը և դառնան թափառական»,-ասաց Լեյլան:
Եզդի Նաիֆը զարմացած է այն անմարդկային մոտեցումից, որ ունեն ԻԼԻՊ խմբավորման անդամները, և իր համար սարսափելի էր, թե ինչպես կարող է հասուն տղամարդը երեխայի կամ կնոջ վնասել:
Բորիս Մուրազի