տուն Տնտեսական Ինչպես կարձագանքի բիզնեսը Փաշինյանի առաջարկին

Ինչպես կարձագանքի բիզնեսը Փաշինյանի առաջարկին

349
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Araratnews.am-ը զանգահարեց տնտեսագետ Ջուլիետ Թադեւոսյանին՝ նրա կարծիքը լսելու կառավարության նախագծի մասին: Նա դրական եւ ճիշտ է համարում  գործադիր մարմնի նախագիծը: «Բիզնեսը սպասել չի սիրում, աջակցությունը ժամանակին է: Թե ինչպես կարձագանքի բիզնեսը կառավարության առաջարկին, կերեւա ընթացքում»,- ասաց տիկին Թադեւոսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կապիտալ ներդրումների առումով՝ 0 տոկոսադրույքով վարկերը բավական շահավետ են բիզնեսի՝ հատկապես ՓՄՁ-ի համար: Գուցե աշխատի նաև 24 միլիոն աջակցությունը միկրոբիզնեսին:

Ջուլիետ Թադեւոսյանը չի բացառում, որ կորուստներ կունենանք զբոսաշրջության  եւ հանրային սննդի ոլորտում: Եթե բարդություն կամ խոչընդոտ լինի, կառավարությունը, զրուցակցի խոսքով, պետք է դրանց պատրաստ լինի:

Արդյոք ճիշտ է հարկային արձակուրդի գաղափարը մերժելը գործադիր մարմնի կողմից: «Հարկային արձակուրդն ու արտոնությունն անհրաժեշտ են բիզնեսին, որն անում են շատ երկրներ: Բայց մեր տնտեսության մեջ լուրջ իրավիճակը հաշվի առնելով՝ միգուցե առաջին եռամսյակում կարող է դա հետաձգվել: Բայց երկրորդ եռամյսակում՝ ապրիլին, եթե իրավիճակը բարդանա, չկայունանա, հարկային արձակուրդի պետք է գնալ»,- պատասխանեց տնտեսագետը:

Վերջին շրջանում շատ են խոսում աշխատողների իրավունքը պաշտպանելու եւ բիզնեսին չվնասելու մասին: Ըստ աշխատանքային օրենսգրքի՝  գործատուն պարտավոր է վճարել, եթե աշխատողն արտակարգ դրության պատճառով աշխատանքի չի գնում: Բայց գործատուները չեն վճարում, կառավարությունն էլ չի ցանկանում կոշտ միջոցներ ձեռնարկել: Ո՞րն է խնդրի ոսկե միջին լուծումը: Տնտեսագետ Ջուլիետ Թադեւոսյանի կարծիքով՝ պարտադրել բիզնեսին պետք չէ, քանի որ ազատ շուկայական հարաբերությունում որեւէ կառավարություն դրա իրավունքը չունի: Մասնավորն էլ պետք է գիտակցի պահի լրջությունը, ճիշտ որոշում կայացնի, աջակցի կառավարությանը:

Կարծիք կա, որ եթե այս իրավիճակը շարունակվի, կլինի՞ տնտեսական ճգնաժամ: Տնտեսագետը դրական պատասխանեց՝ տնտեսական ճգնաժամի ազդակները բավական լուրջ են:

Սոնա Դավթյան