տուն Տնտեսական Ինչպես կանդրադառնա նավթի գների անկումը ՀՀ տնտեսության վրա. մեկնաբանում է տնտեսագետը

Ինչպես կանդրադառնա նավթի գների անկումը ՀՀ տնտեսության վրա. մեկնաբանում է տնտեսագետը

396
0

Նավթի գների անկմանը զուգահեռ՝ ռուսական ռուբլին սկսում է ակնհայտորեն երերալ: AraratNews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Նավթի գների անկում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան վարչակազմը սկսեց տոտալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Իրանի նկատմամբ:

«Նավթի գների անկման ֆոնին ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 1 ԱՄՆ դոլարի դիմաց, մինչև 75 ռուբլու: Այս սպեկույլատիվ տենդենցները կշարունակվեն նավթի գների հետագա անկման ֆոնին: Այս ամենը պետք է վերահսկողության տակ պահել, վերլուծել, ադեկվատ վարքագիծ դրսևորել»,- ասում է տնտեսագետը:

«Ընդհանրապես, նավթի և էներգակիրների համաշխարհային շուկան բազմագործոն ազդեցությունների շուկա է. խոշոր տնտեսությունների վայրիվերումներ, սանկցիաներ, որոնց գումարվել է նաև կորոնավիրուսի բռնկումը»,- նկատեց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը նշեց, որ պահանջարկը նվազել է և բնական է, որ պետք է նվազեն նաև նավթի գները: Նավթի գների կատաստրոֆիկ անկում է տեղի ունեցել, որը չինական տնտեսության զարգացումների հետևանք է: Նավթի գների նվազումը բերում է շուկայական փլուզումների և պետք է պատրաստ լինել դրան:

«Եթե խոշոր տնտեսությունների պարագայում հարյուրավոր, միլիարդավոր, անգամ տրիլիոն դոլարների կորուստ է սա նշանակում, ապա մեր կարգի տնտեսությունների համար հատկապես շատ ցավոտ են լինելու հարվածները: Այնպես որ՝ պետք է մեր տնտեսությունները բերել ճգնաժամային կառավարման տեսքի. սա պետք է պահեստային տարբերակ լինի ցանկացած կարգի պետության՝ հատկապես պատերազմող երկրի համար»,- ընդգծեց տնտեսագետը:

«Համաշխարհային տնտեսության մեջ տեխնոլոգիական լուրջ տրանսֆորմացիա է ընթանում: Արեգակնային, քամու, ընդերքի, ջրածնային էներգիան նոր ինովացիոն տեխնոլոգիաներ են, որոնք գալիս են փոխարինելու ավանդական էներգակիրներին: Առայժմ հիմնական էներգիայի աղբյուրները կարող են լինել այս նոր՝ նորագույն տեխնոլոգիաների լուծումները: Զարգացած երկրներից հատկապես Գերմանիան 25 տոկոսով օգտվում է այլընտրանքային էներգակիրներից. այդ երկրում կան երկրամասեր, որտեղ հողմային և արեգակնային էներգիա են օգտագործում, և սա իհարկե թանկ հաճույք է»,- նկատեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը համարում է, որ գերտերություններն իրենց ռեսուրսների մեծ մասը ծախսում են ռազմական, զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծման վրա: Փոխարենը լավ կլիներ, որ դրանք այլընտրանքային էներգակիրների ուղղությամբ կետրոնացնեին:

«Սկզբանական շրջանում ցանկացած ինովացիա, ցանկացած նոր տեխնոլոգիա էներգետիկ ոլորտում թանկ է ու անհամադրելի գնային առումով»,- հավելեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նշենք, որ  Կենտրոնական Բանկը հայտարարություն էր տարածել, որ համաշխարհային տնտեսական զարգացումների ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ «Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հայտարարությունում։