ԱԻՆ «Հիդրոմետ» ծառակության ղեկավար Գագիկ Սուրենյանն այսօր գրել է՝ մտահոգիչ է ձմռանն այս ջերմաստիճանը, ձյան ծածկույթի բացակայությունը:
Araratnews.am-ը հարցրաց գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին՝ արդյոք այս ջերմաստիճանը վատ կազդի գյուղատնտեսության վրա:
Գառնիկ Պետրոսյանի կարծիքով՝ դեռ վաղ է կանխատեսել, բայց ջրամբարներում կա ջրի պակասություն: «Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում: Ունեցել ենք ձնառատ տարիներ, բայց գարնանն ունեցել ենք կիսադատարկ ջրամբարներ: Եղել է նաև հակառակը: Ունեցել ենք սակավաձյուն ձմեռ, բայց գարնանը՝ տեղատարափ անձրեւներ, որոնց շնորհիվ ջրամբարներում ջրի կուտակումներ են եղել»,- հիշեցրեց մասնագետը:
Գառնիկ Պետրոսյանը չի բացառում, որ գուցե ջրի պակասը լրացվի գարնանային անձրեւներով:
Թե ինչ ազդեցություն կունենա եղանակը խաղողի եւ պտղատու այգիների վրա, գյուղատնտեսի խոսքով, պարզ կլինի փետրվարի կեսերին: «Երբ ձմռանը ցածր է ջերմաստիճանը, այսպես ասած, խոր հանգստի փուլում են պտղատու ծառերը, խաղողի վազերը: Հիմա մենք ստարտային վիճակում ենք: Եթե տաքացում լինի, վաղ ծաղկում կլինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Գյուղացիները, ըստ նրա, անհանգստանալու պատճառ դեռ չունեն: Կառավարությունն էլ, բացի սպասելուց, ոչ մի բան առայժմ չի կարող անել:
Սոնա Դավթյան