Մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպե՞ս է այս ամենն ազդելու գյուղատնտեսական աշխատանքների վրա, արդյոք բերքուբարիքի պակաս կլինի այս տարի:
Գյուղատնտեսության նախկին նախարար, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը Araratnews.am-ին ասաց, որ հիմա լարված շրջան է Արարատյան դաշտում: «Շատ դժվար է հիմա այն տնտեսվարողների համար, որոնք տարբեր համայնքներից աշխատողներ են հավաքագրում: Հիմա տրանսպորտում չի թույլատրվում 2 հոգուց ավելի ուղևոր, ուստի սա խնդիր է»,- ասաց նախկին փոխնախարարը:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ գյուղատնտեսական մթերքի արտահանման ժամանակ խնդիր կունենանք, չնայած հիմա գյուղմթերքի քանակ չկա, որպեսզի հստակ պատկերը լինի:
Մեր զրուցակցի խոսքով՝ դժվար է ասել՝ բավարար բերք ու բարիք կլինի՞ ներքին սպառման համար: «Տարին բարենպաստ է սկսել: Եթե ցրտահարություններ չլինեն, կան նախադրյալներ, որ նորմալ բերք ու բարիք կլինի, չնայած բարձրադիր գոտում որոշ խնդիրներ կան, որոնց մասին չեմ ուզում խոսել»,- մանրամասնեց գյուղատնտեսը:
Գյուղատնտեսի խոսքով՝ պտղատու ծառերի ծաղկումը նորմալ է եղել, հիմա էլ սկսվել է սալորենու, դեղձենու, պնդավոր պտղատեսակների ծաղկումը: Հացահատիկային մշակաբույսերի հարթավայրում, մեր զրուցակցի տեղեկացմամբ, եւս վիճակ լավ է, չնայած դարձյալ բարձրադիր գոտում առկա որոշ խնդիրների:
Գառնիկ Պետրոսյանը կարևորում է գարնանացանի ծավալները: Ցանկալի կլինի՝ դրանք ավելանան, չնայած «սերմնացուի ավելի պաշարներ չունենք, որ ավելի ցանքեր կատարվեն Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի տունկը եւս ավարտվել է, հետևաբար անցյալ տարվա կարտոֆիլի մակարդակն այս տարի կավելանանա»:
Արդյոք արտակարգ դրության ավարտից հետո, եթե տնտեսական ճգնաժամ լինի, հայկական գյուղարտադրանքի արտահանումը կդժվարանա: «Արտահանումը կավելանա, քանի որ Եվրոպայում հիմա դժվար վիճակ է»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Գառնիկ Պետրոսանը հորդորում է կառավարությանը՝ գյուղական բնակավայրերում տնտեսական վաճառակետերի տնտեսական ապրանքների (քլունգ, բահ եւ այլն) վաճառքի սահմափակումներ չլինեն, քանի որ այդ գործիքների անհրաժեշտություն կա:
Սոնա Դավթյան