Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցն է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Պարոն Սուրենյան, ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
Նոր տարին դիմավորում ենք միայն ու միայն ընտանիքիս հետ, շատ համեստ պայմաններում։ Ես այն մարդկանցից եմ, ով խուսափում է մեր ավանդական սովորություններից՝ տնից տուն գնալ, տարբեր սեղաններ, ճոխ պատրաստություններ։ Մի խոսքով՝ դրանք դուրս են մեր ընտանեկան սկզբունքներից։ Մենք նշում ենք խիստ ընտանեկան պայմաններում, ինչպես կնշեինք իմ բալիկի ծնունդն օրինակ։
Իսկ որտե՞ղ եք մտադիր նշել տոները։
Նշելու ենք Երևանում, մեր տանը։
Ի՞նչ հիշողություններ կան մանկությունից, որ կկիսվեք մեզ հետ։
Մանկությունից մնացել է, որ Նոր տարին ինձ համար տոն է եղել, երբ տեղացել է ձյուն։ Որովհետև ձյունն ինձ համար ամենասիրելի մթնոլորտային երևույթներից մեկն է, և մինչև հիմա տարբերվող են այն Նոր տարիները, երբ առատ ձյուն է տեղացել, և նույնիսկ թվականներն եմ հիշում՝ որ տարիներին էր այդպես։ Մի խոսքով՝ ձյուն որ լինում էր, իսկական տոն էր դառնում, անկախ ամեն ինչից, անկախ այն հանգամանքից` իմ ուզած նվերը կստանայի, թե չէի ստանա, որ ձյունը տեսնում էի, ամեն ինչ մոռանում էի։
Իսկ ինչպիսի՞ նվերներ եք պատրաստում Ամանորին երեխաների համար, Ձմեռ պապիկին ուղղված նամակներ ստացե՞լ եք։
Այո, իրենք Ձմեռ պապիկին գրում են, մենք էլ իրենց ուզածն ենք գնում։ Արդեն 10 հատ նամակ են գրել։ Մի զավեշտալի դեպք եղավ մեծ աղջկաս ծննդյան օրը։ Հեռախոս էի գնել ծնունդին, փոքր աղջիկս, որ 7 տարեկան է, ասում է․«Պապա, դու ծախսի տակ չընկնես, ինձ համար հեռախոս չգնես, որովհետև ես Ձմեռ պապիկին արդեն նամակ եմ գրել, և նա կբերի»։ Երկուսն էլ դեռ հավատում են Ձմեռ պապիկին։
Օրինակ՝ վարչապետի տիկինը խորհուրդ էր տալիս տանը բլինչիկ-տոլմաներից ազատվել և իջնել Նոր տարին դիմավորել Հանրապետության հրապարակում, Դուք մտածո՞ւմ եք միանալ այդ կոչին և իջնել հրապարակ։
Չէ, հաստատ չեմ միանա այդ տոնախմբությանը, որովհետև Նոր տարին մեր ընտանիքի համար խիստ ընտանեկան տոն է։ Ես չեմ սիորւմ այդ օրը դուրս գալ, գտնվել դրսում, մասնակցել միջոցառման։ Ինձ համար այդ տոնը իմ երեխաների, տիկնոջ, ծնողների հետ անցկացնելու առիթ է, և այդպես ինձ ավելի լավ եմ զգում և բարձր տրամադրություն եմ ունենում։
Իսկ ո՞ր ուտեստն եք Ամանորին ամենաշատը նախընտրում։
Խորովածն եմ ամենաշատը սիրում, բդից խուսափում եմ։ Տան բուխարիում խորոված ենք պատրաստում ամանորյա գիշերը։
Ի՞նչ մաղթանք ունեք 2020-ի համար։
Մաղթում եմ խաղաղություն, հոգևոր առումով, որովհետև մարդկանց մեջ մի փոքր ագրեսիա եմ նկատում միմյանց նկատմամբ, կուզենամ դա անցնի, և ամեն հայ՝ մեկը մյուսի նկատմամբ մի քիչ հանդուժող լինի, իրար հարգեն, սիրեն։
Քանի որ բոլորը Ձեզնից եղանակային լավ լուրեր են սպասում, ի՞նչ է սպասվում Ամանորին։
Այս պահի դրությամբ որևէ հուսադրող կանխատեսում չկա, նկատի ունեմ ձյան տեսքով։ Դեռևս չի երևում պրոցես, որը մեզ կբերի ձյուն, բավական տևական ժամանակ գտնվելու ենք արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։