Այսօր մթերային խանութներն ու սուպերմարկետները ողողված են անորակ, առողջության համար մեծ վտանգ ներկայացնող սննդով: Որո՞նք են առողջության համար ամենավնասակար մթերքները, ինչպե՞ս տարբերակել անորակ սնունդը որակյալից, և վերջապես՝ ի՞նչ այլընտրանք ունի արագ սնունդը (Fast food): Այս և մի շարք այլ հարցերի շուրջ AraratNews.am-ը զրուցել է սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ:
Ունենալով ամերիկյան կրթություն` սննդաբան Արևիկ Պետրոսյանը հետևում է ոլորտի ժամանակակից զարգացումներին ու փոփոխություններին, եւ նկատեց, որ սննդի վերաբերյալ տեղեկատվությունն օրեցոր փոխվում է:
Յուղազերծված մթերքներ
Անդրադառնալով յուղազերծված մթերքներին` սննդաբանը նշեց, որ եթե խոսքը քիչ քանակությամբ յուղ պարունակող մսի մասին է, ապա այդտեղ որևէ խնդիր չկա և դեռ հակառակը`դա սրտանոթային համակարգի համար առողջարար է. «Ինչ վերաբերում է յուղազերծված կաթնամթերքին. իրականում յուղազերծված կաթնամթերքը օգտակար է, բայց հարցն այն է, որ յուղազերծված կաթնամթերքի մեծ մասը սինթետիկ է, այսինքն՝ ստացված է արհեստական ճանապարհով` փոշուց, բուսայուղերից և այլն: Այս տեղեկատվությունը մի փոքր խեղաթյուրված է: Վաճառվող յուղազերծված կաթնամթերքը հիմնականում արհեստական ծագում ունի. սա է խնդիրը: Մենք ունենք հայկական թել պանիրը, որը յուղազերծված է բնականից, ու թել պանիրը, որպես այդպիսին, ավելի օգտակար է, քան յուղոտ պանիրը: Եթե մենք գերադասում ենք յուղազերծված թթվասեր, ապա պետք է հասկանանք, որ դրա յուղազերծումը հիմնականում տեղի է ունենում արհեստական ճանապարհով, քանի որ բնական ճանապարհով թթվասերի յուղազերծումն իրականում բարդ գործընթաց է»:
Մսամթերք
Սննդաբանի վստահեցմամբ՝ հավի մսի դրական կամ բացասական ազդեցությունը պայմանավորված է որակով. «Դարձյալ մթերքի որակի խնդիրն է: Այսինքն՝ թռչնաբուծարաններում այդ հավերը կերակրվում են աճի հորմոններով: Այսինքն՝ դրանք ճտեր են: Նրանց հատուկ կերեր են տալիս`նաև հիվանդությունից խուսափելու համար, քանի որ հիմնականում պահվում են փակ և մութ տարածության մեջ: Նման տարածության մեջ ապրող կենդանիները կարող են միմյանց շատ արագ վարակել»:
Սննդաբանը նշեց, որ անտիբիոտիկներն ու դեղորայքը հիմնականում նրանց սննդի մեջ են ներառվում:
Հարցին, թե հորմոններով հագեցած սննդից ինչու են հատկապես դեռահասները տուժում, սննդաբանը պատասխանեց, որ նրանց հորմոնային ֆոնը դեռևս կայուն չէ, այսինքն՝ մթերքի հետ ընդունվող հորմոններն ավելի արագ կարող են ներթափանցել օրգանիզմ:
Քանի որ հավն առավել հեշտությամբ է հորմոններ վերցնում, հենց այդ պատճառով էլ հավի ձուն նույնպես կարող է հորմոններով հագեցած լինել։ «Մեզ մոտ մսի պարունակության մեջ մտնող հորմոնների կամ անտիբիոտիկների ստանդարտ գոյություն չունի: Ամենամեծ խնդիրը կոնկրետ թռչնամթերքի հետ է կապված: Հավի օգանիզմում հորմոններն ավելի ակտիվ են գործում: Լորն ու հնդկահավը հորմոնների նկատմամբ առավել կայուն են: Լսած կլինեք, որ ասում են`լորի ձուն ավելի առողջարար է»,- ընդգծեց Արևիկ Պետրոսյանը։
Սննդաբանը նշեց, որ խոզն էլ է շատ հեշտությամբ հորմոններ վերցնում, նրանց էլ են հավելումներ տալիս. «Ես անձամբ գիտեմ գյուղատնտեսների, որոնք տալիս են խոզերին այդ հավելումները»:
Նրա խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, առհասարակ, խորհուրդ է տալիս քիչ քանակությամբ մսամթերք օգտագործել` հատկապես վերամշակված մսամթերք, քանի որ վերջինս պոտենցիալ քաղցկեղածին է:
Ֆաբրիկատներ և կիսաֆաբրիկատներ
Սննդաբանը համարում է, որ պահածոների հետ կապված խնդիրը պայմանավորված է պահպանելիության երկար ժամկետով և ունեցած հավելումներով. «Ցանկացած մթերք, որը չի օգտագործվում թարմ վիճակում, բավականին կորցնում է իր օգտակարության հատկանիշը»:
Կիսաֆաբրիկատների (կոտլենտներ, խինկալի) ազդեցությունը նույնպես պայմանավորված է որակով, թե որքանով է բարեխիղճ գտնվել արտադրողը. «Եթե նկատել եք, և´ պահածոները, և´ վերամշակված մթերքը, և´ կիսաֆաբրիկատները բավականին էժան են: Օրինակ` նրբերշիկը շատ մատչելի է, եթե համեմատենք մսի գնի հետ: Այսինքն՝ այն պատրաստվում է հիմնականում ավելցուկներից»:
Խմորիչով պատրաստված հացաբուլկեղեն
«Խմորիչը դյուրամարս չէ: Այն ստամոքսում թթվային գործընթաց է առաջացնում: Հատկապես շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում խմորիչով մթերք օգտագործել: Այսօր կան թթխմորով հացեր: Թթխմորի դեպքում արհեստական նյութեր ավելացնելու անհրաժեշտություն չկա. այն բավականին ծանր հաց է»,- նշեց սննդաբանը, հավելելով, որ բացի խմորիչից՝ փքուն հացաբուլկեղենի մեջ նաև այլ նյութեր են ներառում:
Արագ սննդի (Fast food) այլընտրանքը
Սննդաբանը նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով կարևորում է իր առողջությունը, միշտ էլ կարող է արագ սննդին այլընտրանք գտնել: Դրսում արագ սնունդը բավականին էժան է, իսկ մեզ մոտ՝ ոչ. «Այն մարդը, որը արագ սնունդ է պատվիրում, կարող է նաև հեշտությամբ ավելուկով աղցան պատվիրել»:
Արագ սննդի «ֆենոմենն» այն է, որ մարդիկ ոտքի վրա, նույնիսկ մեկ անգամ փորձելով, կարող են միանգամից զգալ համն ու հագենալ:
«Չինական մթերքներ»
Անդրադառնալով Հայաստանում «պեկինյան կաղամբ» անվանումը ստացած «Այսբերգ» տեսակի կաղամբին` սննդաբանը նշեց, որ այն Հայաստանում է աճեցվում և չի ներմուծվում Չինաստանից`հակառակ դեպքում գնային տարբերությունն ակնհայտ կլիներ: Կաղամբի որակը դարձյալ կախված է այն պայմաններից, որոնցում աճեցվում է այն:
Ինչ վերաբերում է չինական բրնձին`սննդաբանը հավելեց, որ նորմալ է, որ հայկական շուկայում նույնպես առկա է չինական բրինձ, քանի որ Չինաստանն աշխարհում բրինձ արտահանող առաջին երկիրն է: