Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման 9 միջոցառում է առաջարկել կառավարությունը:
Ու քանի որ ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որ միջոցառումից կարող են օգտվել, Araratnews.am-ը ներկայացնում է դրանցից յուրաքանչյուրը:
Սոցիալական աջակցության ծրագրերից մեկը վերաբերում է վարձու աշխատողներին:
Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Տուժած ոլորտի վարձու աշխատող: Կառավարությունն առանձնացրել է տուժած ոլորտները՝
- Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- Հանրային սննդի ծառայություններ,
- Զբոսաշրջային ծառայություններ,
- Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ: Աջակցությունը կտրվի միանվագ:
Իսկ եթե քաղաքացին աշխատում է մի քանի տուժած ոլորտում, ապա ինչպես է փոխհատուցում ստանալու: Ըստ կառավարության աջակցության՝ հիմք է ընդունվելու բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է վերը նշված կարգով՝ այսինքն՝ եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ: Իսկ եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Աջակցություն կստանան նաև անհատ ձեռներեցները: Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Իսկ եթե շահառուն տուժած ոլորտի վարձու աշխատող է, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ինչպե՞ս է հաշվարկվելու տրամադրվող աջակցության չափը:
Կառավարության որոշմամբ առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Այսինքն՝ շահառուն կստանա երկու հաշվարկների համեմատությամբ առավել մեծ չափը կազմող աջակցությունը:
Աջակցություն ստանալու համար շահառուն կարող է դիմել www.online.ssa.am կայք՝ դիմում ներկայացնելով: Միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում: