Բոլոր այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են առաջիկա օրերին ճամփորդության նպատակով մեկնել ՀՀ-ից, նախապես պետք է կարգավորեն փաստաթղթերը, ստուգեն անձնագրերի վավերականության ժամկետները, իսկ ոչ բիոմետրիկ անձնագրի դեպքում՝ դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:
Այս մասին հիշեցնում է ՀՀ Ոստիկանությունը եւ մեկ անգամ եւս տեղեկացնում, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ: Անհրաժեշտ է վավերական անձնագիր՝ անկախ տարիքից:
Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարվա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել և փոխանակել այն:
Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ՝ կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրու՞մ է արդյոք 6 ամսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել իր տարածք:
«Եղեք տեղեկացված, խուսափեք խնդիրներից»,-խորհուրդ է տալիս ոստիկանությունը: