Իտալիան մինչև տարեվերջ զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի։ Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին La
Repubblica պարբերականի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե երկրում ստեղծված իրավիճակն ինչպես կանդրադառնա զբոսաշրջության վրա։
«Սահմանների բացումը պայմանավորված կլինի յուրաքանչյուր պետության համաճարակային իրավիճակով և որդեգրած քաղաքականությամբ»,- ասել է նա։
ՀՀ-ում զգալի թվով քաղաքացիներ, հաշվի առնելով Ryanair-ի ավիատոմսերի մատչելիությունը, նախապես գնել էին դրանք: Ստեղծված իրավիճակում, երբ քաղաքացին օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չունի զբոսաշրջության նպատակով գնալ Իտալիա, ինչպե՞ս է փոխհատուցվելու: Տոմսերի համար նախապես վճարված գումարը նրանց վերադարձվելո՞ւ է, թե՞ ոչ: Ահա նման հարցում էր AraratNews.am լրատվական կայքն ուղարել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:
Հարցմանն ի պատասխան ուղարկված՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի նամակում մասնավորապես նշված է.
«Ի պատասխան Ձեր հարցմանը, հայտնում ենք, որ գնված տոմսերի վերադարձի քաղաքականությունը չի կանոնավորվում միջազգային IATA կազմակերպության կողմից։ Այն կոմերցիոն որոշում է եւ տնօրինվում է ավիաուղիների կողմից: Ավիաուղիների մոտեցումները մեծամասամբ ուղեւորին չկորցնելն է, որի համար հիմնական տարբերակները հետեւյալներն են.
- առաջարկվում է գումարային փոխհատուցում կախված գնված տոմսի տեսակից,
- առաջարկվում է ազատ կամ որոշակի հաստատված վճարով գնված տոմսերի փոփոխությունների տարբերակը,
- առաջարկվում է տոմսի վերադարձի փոխարեն դուրս գրել ճամփորդական վաուչեր, որը որոշակի սահմանված ժամանակահատվածում եւ սահմանված ուղղություններով հետագայում կարող է փոխարինվել նոր տոմսով։
- առաջարկվում է այլընտրանքային տարբերակները՝
Ինչպես տեսնում ենք վերոնշյալից, գործ ունենք անհատական կոմերցիոն որոշման հետ, ինչը կարող է տարբեր լինել ավիաընկերությունների մոտեցումներում՝ կախված ընկերության եւ՛ իրավաբանական կարգավիճակի, եւ՛ ֆինանսական, եւ՛ բիզնես, եւ՛ մարքեթինգային որոշումների հետ:
Ուստի, խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ տոմսերի փոխհատուցման, վերադարձի կամ այլընտրանքային տարբերակների մասին տեղեկություն ստանալու համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 18—րդ հոդվածի 2—րդ մասի համաձայն, եթե փոխադրողը հրաժարվում է շարունակել փոխադրումը, ապա պարտավոր է իր հաշվին ուղեւորին փոխադրել նշանակման վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղեւորի կրած վնասը, իսկ ուղեւորի իրավունքների խախտման, կրած վնասի փոխհատուցման եւ խախտված իրավունքների լրիվ վերականգնման պաշտպանությունը իրականացվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 13 եւ 14—րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ուղեւորի կողմից գնված տոմսերի փոխարեն առաջարկվող տարբերակներն ընդունելու կամ հրաժարվելու մասին փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 290 եւ 450 հոդվածներով /կողմերի միջեւ կնքվող գործարքներ են/ իսկ կողմերի միջեւ անհամաձայնությունների դեպքում կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 13 եւ 14—րդ հոդվածներով սահմանված պահանջներով»։
Օլյա Շահինյան