տուն Լուրեր Ինչպե՞ս է Վանաձորի քաղաքապետարանը «լվանալու» քաղաքի օրվա համար նախատեսված 6 միլիոնը

Ինչպե՞ս է Վանաձորի քաղաքապետարանը «լվանալու» քաղաքի օրվա համար նախատեսված 6 միլիոնը

173
0

arm1380711740100

Այս տարի  նշվում է «Վանաձորի օր» համաքաղաքային տոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 1-5-ը քաղաքապետարանի ծրագրով մի շարք միջոցառումներ են լինելու Վանաձոր քաղաքում:

Տեղեկատվության հարցում էր արվել Վանաձորի քաղաքապետարան, թե «Վանաձորի օր» համաքաղաքային միջոցառման համար որքան գումար է նախատեսված բյուջեով, և որքան է ծախսվելու միջոցառման յուրաքանչյուր բաղադրիչի համար: Խնդրել էինք ներկայացնել միջոցառման յուրաքանչյուրի ծրագրի նպատակային ծախսն առանձին-առանձին, այսինքն` նախահաշիվները: Հետաքրքրվել էինք նաև, թե կազմակերպվող տոնական համերգներին և ցուցահանդեսներին քաղաքապետարանի կողմից նախապես տրված մասնակցության հայտարարությանը ինչ գեղարվեստական խմբեր, հիմնարկ-ձեռնարկություններ կամ որ ստեղծագործողներն ու անհատներն են արձագանքել, ինչպես է կատարվել նրանց ընտրությունը:

Ի պատասխան հարցման` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնել է. «Վանաձորի օր» համաքաղաքային տոնախմբության և տոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումների համար 2013 թ. բյուջեով նախատեսված է եղել 6 մլն դրամ: Միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցը ներկայացված են մրցույթը շահած կազմակերպությանը, և յուրաքանչյուր բաղադրիչի համար ծախսված գումարը, սահմանված կարգի համաձայն, հայտնի կլինի միջոցառումն անցկացնելուց հետո մրցույթը շահած կազմակերպության կողմից ներկայացված կատարողական ակտերից:

Քաղաքի տարբեր թաղամասերում և Հայքի հրապարակում նախատեսված տոնական համերգներին, ցուցահանդեսներին մասնակցելու են և մասնակցության ցանկություն են հայտնել քաղաքում գործող գրեթե բոլոր գեղարվեստական կատարողական խմբերը, մի շարք հասարակական կազմակերպություններ, մշակութային հիմնարկներ, անհատ ստեղծագործողներ և անհատ կատարողներ: Մերժվելու են այն կատարումները, որոնք չեն համապատասխանի անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին»:

Քաղաքապետի պատասխանից այնպես է հասկացվում, թե միջոցառման համար արդեն անցկացվել է մրցույթ, և կան հաղթողներ` «Միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցը ներկայացված են մրցույթը շահած կազմակերպությանը…», բայց շարունակությունը սրա հակասությունն է` «… մասնակցելու են և մասնակացության ցանկություն են հայտնել քաղաքում գործող գրեթե բոլոր գեղարվեստական կատարողական խմբերը, մի շարք հասարակական կազմակերպություններ, մշակութային հիմնարկներ, անհատ ստեղծագործողներ և անհատ կատարողներ: Մերժվելու են այն կատարումները, որոնք չեն համապատասխանի անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին»:

Անհասկանալի է նաև` ինչպես, ինչ հարաչափերով և ում «ճաշակով» է առաջնորդվելու քաղաքապետարանը «անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին չհամապատասխանող» կատարումները մերժելիս: Վերջապես, ինչպե՞ս է հաշվարկվել և բյուջեով հաստատվել նշված 6 մլնը, եթե միջոցառման վերաբերյալ չկա ոչ մի նախնական հաշվարկ:

Ինչ վերաբերում է ակտերին, որոնք իբր հաղթող կազմակերպությունները ներկայացնելու են միջոցառման ավարտին, ապա, ինչպես երևում է քաղաքապետարանի պատասխանին կցված ծրագրից, մասնակիցները համայնքային ենթակայության կամ պետական հիմարկներն են` արվեստի, մշակույթի օջախներ, ուսումնական հաստատություններ, որոնք իրենց գործունեության համար ամսական աշխատավարձ են ստանում համայնքի կամ պետության բյուջեից: Եվ, օրինակ, համայնքային ենթակայության «Հորովել» երգի-պարի համույթն ու Կամերային նվագախումբն այս օրերի տոնական համերգների համար առանձին գումարներ չեն ծախսել երգացանկի, բեմական զգեստների պատրաստման համար, նմանապես` Վանաձորի տիկնիկային թատրոնը` «Հրաշագործ օֆ-օֆը» ցուցադրելու համար:

Կամ` հաղթելու դեպքում ի՞նչ ակտ պետք է ներկայացնի Աբելյանի թատրոնը, եթե «Արքա Լիրի» բեմադրությունը պետպատվերով ներկայացումների շարքում կատարվել է պետության ֆինանսավորմամբ:

Աղբյուր` 1in.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here