Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է, թե նա ինչպե՞ս է բարձրացնելու իր աշխատանքի արդյունավետությունը, երբ կառավարության օրինագծով էականորեն բարձրանա աշխատավարձը:
«Ի՞նչ աշխատանք եք իրականացնելու, որպեսզի արդյունավետ լինի, որպեսզի չշարունակվեն ոտնահարվել մարդկանց իրավունքները»,- հարցել է Փոստանջյանը:
Ի պատասխան, Վիգեն Սարգսյանը նշել է, որ չի կարծում, թե աշխատավարձի բարձրացմամբ ընդլայնվելու են իր գործառույթները: Բայց ակնհայտ է, որ աշխատավարձը լուծում է արդյունավետ կադրային համալրման խնդիր, ոչ մի վատ չկա նրանում, որ մի շարք ոլորտների մասնագետների աշխատավարձերն էականորեն բարձրանալու են:
«Ես չգիտեմ, թե աշխատավարձի ինչպիսի բարձրացումը կարող է ապահովել արդյունավետ աշխատանք, պետք է լինի լիարժեք նվիրում: Ես չգիտեմ, թե որ աշխատավարձն է կոմպենսացնում ընտանիքիդ օրերով ու ժամերով չտեսնելը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Զարուհի Փոստանջյանը նաև հարց է ուղղել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին: «Պարոն Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո չի վերադիմել: Երբ որ դիմի, այդ ժամանակ աշխատակազմն ամեն ինչ կանի, որ հնարավորինս արագ դիտվի գործը և որոշում կայացվի»,- պատասխանել է Վիգեն Սարգսյանը:
Էմմա Պալյան