Վերջին օրերին շատ էր խոսվում այն մասին, որ Երևան քաղաքի երթուղային տրանսպորտը սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ իրականացնել: Լրատվամիջոցներում շրջանառվում էին նաև տեղեկություններ, որ «գործադուլ» իրականացնելու միտքը հղացել է քաղաքապետարանում, և նրանք այդ կերպ փորձել են «դաս տալ» հասարակությանը` ուղեվարձի թանկացման հետ չհամակերպվելու համար: Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը իրականություն կդառնար, եթե իշխանական վերին օղակներում չհասկանային նախաձեռնության վտանգավորության աստիճանը: Նրանք հասկացրել են քաղաքապետարանի իրենց գործընկերներին, որ եթե գործադուլ իրականացվի, ապա այն հանրապետական գործադուլի սկիզբ կդնի: Այս ամենից հետո քաղաքապետարանում հասկացել են, որ նրանց այս նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի, և հիմա փորձում են նոր ճանապարհներ գտնել հասարակությանը համոզելու համար: Հնարավոր է, հենց այդ է պատճառը, որ վերջին օրերին, հատկապես քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների քանակը զգալի նվազել է: Ձմռան ցրտին հասարակությունը ստիպված է առավել երկար սպասել կանգառներում: Այսպիսով, ցրտին դիմանալ չցանկացողների բանակն ավելի կմեծանա և հասարակությունն արդեն չի ափսոսի 100 դրամ ավելի վճարել՝ դեղահաբեր առնելու փոխարեն: