ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց, թե ինչու է «Դուինգ բիզնեսի» զեկույցի գնահատականով Հայաստանը հետընթաց արձանագրել:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի այս տարվա գնահատականը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է: «Մենք դիրքում ունենք հետընթաց, բայց ոչ ռեյտինգում»,- ասաց նախարարը:
Հայաստանը, ըստ «Դուինգ բիզնեսի» զեկույցի, առաջընթաց բարեփոխում է արձանագրել հարկերի վճարման ուղղությամբ, քանի որ ԱԱՀ-ի վերադարձ ենք նախատեսում նաև այն դեպքում, երբ ընկերությունը կապիտալ շինարարության արդյունքում ունի ԱԱՀ-ի կուտակված դեբետներ:
Քաղաքաշինական թույլտվությունների դեպքում եւս առաջընթաց է արձանագրել Հայաստանը: «Համաշխարհային բանկը փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը: Նա ներառել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն ցուցիչն ավելացնելով: Ավելին՝ ՀԲ-ն հաշվի է առնում նաև, թե արժեթղթերի շուկայում քանի ցուցակագրված կազմակերպություն կա, որոնք բաժնետոմսեր են շրջանառվում: Այսինքն՝ բորսայի կայացվածությունը դարձել է գնահատման հիմք: Եթե բորսայում կազմակերպությունների քանակը 10-ից պակաս է, երկիրը ստանում է 0 միավոր: Այդ պատճառով էլ մեր դիրքը կորցրել ենք»,- մանրամասնեց նախարարը: