Ինչու է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն ներկայացրել: «Անձնական երաշխավորությանս մեջ հստակ գրել եմ՝ տրամաբանությունը պարզ է: Ես շահագրգռված եմ, որ հանրության մեջ «Մարտի մեկի» գործի հարցադրումների մասին տրվի մաքսիմալ պատասխան»,- ասաց կառավարության նախկին ղեկավարը:
Նախկին վարչապետն ասաց, որ հարգում եւ գնահատում է Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի եւ Հայաստանի անկախության եւ կայունության գործընթացում: «Երկու տարի է համարյա, որ շարունակվում է դատական պրոցեսը: Հավանական է, որ այն երկար կարող է տեւել: Այդ պատճառով միջնորդություն եմ տվել, որ խափանման միջոցը փոխվի»,- մանրամասնեց գործադիր մարմնի նախկին ղեկավարը:
Արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը քաղաքական նյուանս ունի: Կարեն Կարապետյանը կարծում է՝ պրոցեսը գրգռված է եւ քաղաքականացված:
Թե ինչպես կգնահատեն իր քայլը, նախկին պաշտոնյան դժվարացավ ասել, բայց հիշեցրեց՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեսակետն ասելու: «Որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին: Մենք ընդամենն ասում ենք՝ խափանման միջոցը փոխեք»,- ասաց կառավարության նախկին ղեկավարը:
Ճեպազրույցի ավարտին Կարեն Կարապետյանը հավաստիացրեց՝ քաղաքականությամբ չի զբաղվելու: