2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին, մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները) պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար /գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/: Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս, և մենք լսեցինք «.. մի խփեք, ինչո՞ւ եք խփում, մի խփեք…»: Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին, մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես, տեսնելով դա, ասացի՝ ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես, ամուսինս՝ Լյովա Բադալյանը, և տղաս՝ Գագիկ Բադալյանը, փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»:
Լյովա Բադալյանը, Մարինե Գևորգյանը կապտուկներով, դեմքի վնասվածքներով քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց էին, նրանք դիմել են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ հանցագործության մասին հաղորդումով: Այս մասին գրում է Aravot.am-ը: