Օրեր առաջ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուսանկարներ հրապարակեց Դադիվանք վանական համալիրից, որի սյուները և պատերը ցեմենտապատված էին։
Քանի որ նախկինում բազմիցս են եղել նման դեպքեր, երբ աղավաղվել կամ վնասվել են պատմական մշակութային կոթողները, ինչը խիստ քննադատվել է, փորձեցինք պարզել՝ ինչու է վանական համալիրում նման կերպ իրականացվել «վերականգնումը»։
«Տվյալ կոթողի վերականգնման աշխատանքները դեռևս ավարտված չեն, և, փաստացի, վիճակը չի կարելի գնահատել որպես ավարտուն «վերականգնում»,- Araratnews.am-ի հարցմանն այսպես արձագանքեց Արցախի մշակույթի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։
Իսկ ինչո՞ւ է որոշվել ցեմենտապատել համալիրը, չէ՞ որ այդպես աղավաղվում է նրա ճարտարապետական տեսքը, արդյոք դուք նորմա՞լ եք համարում այդ երևույթը։ «Սյուները և թաղը կրացեմենտային բարդ շաղախով են պատված, որով իրականացվել է ժամանակին սվաղված սյուների և թաղի նախնական սվաղը՝ հուշարձանի շինվածքները հետագա քայքայումից պահպանելու համար: Իսկ մաքրասվաղը պիտի իրականացվի գունային հավելանյութերով լրացված կրացեմենտային բարդ շաղախով՝ որմնանկարիչ մասնագետի կողմից»,- պարզաբանեց Գրիգորյանը:
Հարցին՝ արդյոք տեղյակ էր խնդրին, վարչության պետը պատասխանեց․ «Խնդիրն աշխատանքային է, որը կլուծվի վերականգնման աշխատանքների ավարտի հետ միասին: Շատ աշխատանքներ իրականացվում են բարեգործական գումարներով, որոնք հաճախ տրամադրվում են նպատակային՝ որոշակի հատվածների վերականգնման, այլ ոչ մասնակի կիսատ մնացած գործերի համար»։
Իսկ ո՞վ է զբաղվում համալիրի պահպանությամբ և ընդհանրապես ո՞վ է պատասխանատու մշակութային կոթողների պահպանությամբ Արցախում, Գրիգորյանը պատասխանեց․ «Արցախի Հանրապետությունում պատմական միջավայրի պահպանության լիազոր մարմին է հանդիսանում մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանությանը՝ որպես պատմաճարտարապետական կոթող։ Իսկ հուշարձանի նպատակային օգտագործումն իրականացվում է ՀԱԵ Արցախի թեմի կողմից, որն էլ տվյալ դեպքում համարվում է հուշարձանի պահպանության անմիջական պատասխանատու»։
Մոտ ապագայում այդ սվաղված մասերը վերացնելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու․ «Դադիվանքի վերականգնումն իրականացվում է հեղինակային հսկողության և լիազոր մարմնի կողմից վերահսկողությամբ, ինչն էլ արվում ու արվելու է տվյալ նախագծի շրջանակներում»։
Իսկ Արցախի կառավարությունը որքա՞ն գումար է տարեկան հատկացնում մշակութային ժառանգության պահպանության համար, արդյոք գումարներ հատկացվո՞ւմ են դրանց վերականգնման համար․ «2019 թվականին հուշարձանների պահպանության ոլորտին հատկացվեր էր 120 միլիոն ՀՀ դրամ՝ հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և վերականգնման համար։ Պետական բյուջեի միջոցներով վերականգնվում են Ասկերանի բերդը, Գտչավանք վանական համալիրը։ Իսկ հովանավորների միջոցներով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Դադիվանքի, Ամարասի, Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցու, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու և Երիցմանկաց վանական համալիրներում, ավարտին է հասցվել Շուշիի Վերին մզկիթը։ 2020 թվականին նախատեսվում է հուշարձանների բյուջեի ավելացում 2 միլիոն ՀՀ դրամով»։