տուն Լուրեր Ինչու են ՀՀ քաղաքացիները մնում օտար օդակայաններում

Ինչու են ՀՀ քաղաքացիները մնում օտար օդակայաններում

178
0

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները հաճախ են մնում տարբեր երկրների օդանավակայաններում՝ չվերթերի ոչ պատշաճ իրականացման, ինքնաթիռների անսարքության կամ այլ պատճառներով։ Դեպքերը շատ թարմ են՝ Եգիպտոսում հարյուրավոր քաղաքացիների փողոցում հայտնվելը, Լառնակայում, երեկվա միջադեպը՝ Երևան-Մոսկվա չվերթը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով և այլն։ Araratnews.am-ը փորձեց քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզել՝ ո՞րն է խնդիրը, արդյոք այդ խնդիրները քաղավիացիայի տիրույթո՞ւմ են։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչ Լիլիթ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օդային փոխադրումների հետ կապված ամեն դեպք ունի իր պատճառը։

«Օրինակ՝ երեկվա դեպքը՝ Երևան-Մոսկվա չվերթը, երբ տեխնիկական խնդրի պատճառով ինքնաթիռը վայրէջք կատարեց Թբիլիսիում, շատ արագ «Տարոն ավիայի» բորտով ուղևորները տեղափոխվեցին Մոսկվա։ Ասել, թե ով է մեղավոր՝ չենք կարող, որովհետև տեխնիկական խնդիր ցանկացած բորտի, ցանկացած ավիակամպանիայի հետ աշխարհում կարող է պատահել»։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում հաճախացել են դեպքերը, երբ մեր քաղաքացիները մնում են տարբեր օդանավակայաններում, քաղավիացիայի ներկայացուցիչը չժխտեց, որ շատացել են՝ նշելով․ «Ճիշտ է, ավելի հաճախ են լինում դեպքեր, բայց պատճառը սոցցանցերում դրանց ավելի մեծ տարածում ստանալն է։ Լինում է, որ խնդիրն այդքան մեծ չէ, բայց ավելի ուռճացրած տարածում են։ Չնայած շատացել են դեպքերը, նախ հիմա սեզոնն է բարձր, թռիչքները շատ էին, վայրէջքները շատ էին, ուղևորները շատ էին, դա էլ ունի իր դերակատարությունը։ Շատի մեջ, բնական է, որ նման դեպքերն էլ են շատ լինում։ Բայց ընդհանուր բոլոր դեպքերին նույն անուն տալը շատ սխալ կլինի»։

Հարցին՝ ինչպե՞ս է քաղավիացիան իր վերահսկողությունն իրականացնում, այս դեպքում, նույն Եգիպտոսի, Լառնակայի դեպքերի հետ կապված, չէ՞ որ այդ կառույցն է չվերթերի իրականացման թույլտվություն տալիս։

«Կա հատուկ կարգ, ըստ որի քաղավիացիան թույլտվություն է տալիս բոլոր թռիչքներին, որոնք լինելու են Երևանից և դեպի Երևան ուղղությամբ։ Կոնկրետ Եգիպտոսի պարագայում քաղավիացիայի 5 մասնագիտական վարչություն՝ ամեն մեկն իր մասով, փաստաթղթերի և ինքնաթիռի ստուգում է իրականացրել, ինչից հետո չվերթի իրականացման թույլտվություն է տվել։ Պատճառ չի եղել մերժել այդ ավիաընկերությանը կամ կոնկրետ չվերթը, բայց վերջում դեպքը եղավ, որը դուրս է քաղավիացիայի տիրույթից, այսինքն՝ մենք չենք կարող իմանալ, որ տվյալ ավիաընկերությունը մյուսին չի վճարել փոխադրման համար, ու նման փաստի առաջ կանգնեցինք։ Մենք հետո պոստ-ֆակտում բախվում ենք այդ խնդիրներին ու փորձում լուծել խնդիրները։

Ինչ վերաբերում է համացանցում շահարկվող թեմային, որ երեկվա Երևան-Մոսկվա չվերթն իրականացվել է «Բոինգ 737»-ով, որոնք հիմնականում խնդիրներ են ունենում․ «Հենց մարդիկ տեսնում են «Բոինգ 737», նրանց թվում է՝ դա այն ինքնաթիռն է, որը երկու անգամ վթարի ենթարկվեց։ Դա ոչ թե «Բոինգ 737» էր, այլ «Բոինգ 737 max», որը նորագույն ինքնաթիռ է և այս պահին Հայաստանի տարածքում արգելված է շահագործելը։ Այսինքն՝ այն ինքնաթիռը, որ դեռ ողջ աշխարհում խնդրահարույց է, մեզ մոտ առաջին իսկ օրվանից արգելվել է»։

Իսկ այն պնդմանը, որ միշտ էլ նման դեպքերը շատ են եղել, ուղղակի հիմա հնչեղությունն է շատացել, ունի՞ արդյոք քաղավիացիան վիճակագրություն, որպեսզի համեմատենք այս տարվա և նախորդ տարվա դեպքերը, մեզ ասացին, որ նման վիճակագրություն չունեն, գրավոր հարցման դեպքում կփորձեն մի բան գտնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here