Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երկրապահ կամավորական միության Երևանի կենտրոն տարածքային բաժանմունքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրքերը լարվել են:
ԵԿՄ մի շարք անդամներ, մասնավորապես, վերադարձրել են իրենց անդամատոմսերը՝ ի նշան Կենտրոն տարածքային կառույցի Ընդհանուր ժողովի անցկացման դեմ բողոքի: Մինչ այդ, հանդիպման բացումն ազդարարել է ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը, որը ժողովի օրակարգը ներկայացնելիս տեղեկացրել է Կենտրոնի կառույցի նախագահի ընտրությունների անցկացման մասին:
Ավելի ուշ հանդիպումը բոյկոտել են տարածքային բաժանմունքի մի խումբ կամավորականներ: Նրանց խոսքով, ընտրությունները կազմակերպվել են առանց պատշաճ ծանուցման՝ խախտելով ԵԿՄ անդամների իրավունքները: Երկրապահներից մեկն էլ, լրագրողների հետ զրույցում, մատնանշեց այն հիմնական պատճառները, որոնք խոչընդոտել են իրենց ընկերներից շատերի՝ ընտրություններին ներկա չլինելուն:
Դրանց թվում նշվեցին որոշ ազատամարտիկների զբաղվածության, ոմանց՝ հանրապետությունում չգտնվելու, հեռախոսահամարը փոխելու, առողջական խնդիրներ ունենալու և այլ հանգամանքներ:
Մեկնաբանելով դեմարշ հայտարարած կամավորականների քայլը՝ ԵԿՄ Կենտրոն կառույցի նախագահ ընտրված Ռոմիկ Մխիթարյանը բարի ճանապարհ է մաղթել նրանց և նշել, որ ինքը բարեխղճորեն կատարել և կատարելու է իր աշխատանքը: