«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագրում նշված է, որ եթե վաճառքի պայմանագրի կնքումից 75 օրացուցային օր հետո գործարքն ավարտված չլինի, կողմերից մեկը կարող է կասեցնել գործարքը: Վաճառքի պայմանագիրը կնքվել է հունվարի 29-ին, որից 75 օրացուցային օրն արդեն վաղուց անցել է: Նախօրեին ԱԺ-ում այս հարցի մասին խոսելիս Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ թեև 75 օր անցել է հունվարի 29-ից հետո, բայց կառավարությունը երկարաձգել է այդ 75-օրյա ժամկետը:
«Կառավարությունը, հաշվի առնելով, որ բազմաթիվ խնդիրներ են ծագել ընթացքում, ընդ որում՝ խնդիրներ, որոնք ծագել են 2 կողմերի քննարկվելիք խնդիրների հետ կապված, համապատասխան որոշումով երկարաձգել է փակման ամսաթիվը, այսինքն՝ 75 օրը ավարտված չէ: Բայց սա ամենակարևոր դրույթը չէ, որովհետև եթե կառավարությունը համարեց, որ պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ օրենքներին, ապա մենք, բնականաբար, պարտավոր ենք վերաբանակցել այդ պայմանագրի համապատասխան հատվածը, նոր միայն ապահովել պայմանագրի փակումը»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Այսինքն` «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությունը այս պահին չի հանդիսանում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ սեփականատերը, քանի որ գործարքն ամբողջությամբ ավարտված չէ: Որպեսզի «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ»-ը համարվի սեփականատեր, անհրաժեշտ է, որ ստորագրվի փակման ակտը: Իսկ փակման ակտի ստորագրումը ձգձգվում է, քանի որ, ըստ Էներգետիկայի նախարարության ուղարկած պարզաբանման, բանակցություններ են գնում «տեխնիկական հարցերի» շուրջ:
Եվ միայն փակման ակտից հետո «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադը» կկատարի վաճառքի պայմանագրով նախատեսված 180 միլիոն դոլարի վճարումը (փողի փոխանցումը):
Հրայր Մանուկյան