Խորհրդարանը քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ԼՀԿ ներկայացրած նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է, որ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Միշտ հետաքրքրել է, թե ինչու մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա։ Ինչո՞ւ չունենք մինչև հիմա, որովհետև խոշոր քաղաքներում McDonald’s-ը տուրիստական տարբեր ռեժիմներում աշխարհի համապատասխան ատրիբուտներից մեկն է։ McDonald’s-ը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Նա նաև հետաքրքրվեց՝ իսկ եթե մեկը ապրանքային նշան է գրանցել նույն McDonald’s անունով, ի՞նչ ենք անելու:
Մելքումյանի հարցին արձագանքեց հարակից զեկուցող՝ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: «Օրենսդրությամբ կա նաև հանրահայտ ապրանքանշան տերմինը, որը պաշտպանում է Ձեր ասած հանրահայտ ապրանքանիշները, և միջազգային պայմանագիր էլ ունենք, որին մենք անդամակցված ենք: Այսինքն՝ այդ հարցերը լուծված են, նաև Քրեական օրենսգրքով համապատասխան հոդվածներ կան»,- ասաց փոխնախարարը: