տուն Լուրեր Ինչու՞ եք նորից կրքերը լարում. Արծվիկ Մինասյան

Ինչու՞ եք նորից կրքերը լարում. Արծվիկ Մինասյան

128
0

arm139452877481

Այսօր Ազգային Ժողովի նիստին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում խոսեց կուտակային կեսնաթոշակների մասին ՍԴ որոշման մասինˋ անդրադառնալով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ավելի վաղ հնչեցրած դիտարկմանը:

«Պետք է վերջ դնել այս ամբիոնից խոսելուն, թե պարտադիր կուտակայինը շարունակվելու է: ՍԴ որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասող եւ անվավեր: Պնդել, թե դա պետք է լինի, նշանակում է թույլ տալ հանցագործություն: ՍԴ որոշումը բացեք, որի եզրափակիչ մասի առաջին կետով ասվել էˋ պարտադիր կուտակային վճարները 1974-ից հետո ծնված քաղաքացիներից տանելը հակասում է Սահամանդրությանը եւ անվավեր է»,-ասում է Մինասյանը:

Նա հավելում է, որ ցանկացած այլ փաստաթուղթ, որը կպարունակի իր մեջ արտահայտություն, թե պարտադիր կուտակային կենսաթոշակը պետք է գործի, նշանակում է գնալ հակառակ Սահմանադրական դատարանին:

«Ինչու՞ եք նորից կրքերը լարում, ինչու՞ եք պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի: Նշանակում է, որ չեք ուզում բարեփոխումները շարունակվեն, աշխատեն դրա փոփոխման շուրջ: Անընդհատ լարվածությունը  ուզում եք պահել: Հնարավոր չէ պարտադիր բաղադրիչը վերականգնել պարոն Ջավադյան ջան: Եթե փորձ արվի հակասահմանադրական օրենք անցկացվի, պայքարը ավելի մեծ է լինելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստին այսօրˋ ավելի վաղ, Արթուր Ջավադյանն ասել էր, որ ՀՀ-ում երկար փողեր ունենալու համար անհրաժեշտ են պարտադիր ռեֆորմներ, որոնք հենց կեսաթոշակային ռեֆորմներն են: