ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկուշաբթի օրը ԱԺ-ում հակադարձելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ամեն ջանք գործադրեց, որպեսզի Երևանում գործող խաղատները փակվեն և մեծ շահույթ ստանա Գագիկ Ծառուկյանի երևանամերձ խաղատունը.«Այդ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսքը: Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրան, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և, այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:
Նախարարի այս դիտարկման հետ համաձայն չէ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: AraratNews.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ հենց կառավարությունն է կողմ եղել այդ նախաձեռնությանը.«Խաղատները Երևանից դուրս հանելու մասին օրենքը ընդունվել է դեռևս երեք տարի առաջ: Օրենքն ընդունվեց այն ժամանակ, երբ կառավարությունը նման ռազմավարություն էր ընդունել: Այնպես չէ, որ օրենքը երեկ է ընդունվել: Ինչպես նաև նման բիզնես գործունեություն ծավալելու համար 40 միլիարդ դրամ ներդրումից ավել է պահանջվում` խնդրեմ, եթե ունեն այդքան ներդրում կարող են զբաղվել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` ավելացնելով, որ նախարարի դիտարկումները իր համար ընդունելի չեն: