ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց՝ ինչու նա չարձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայհոյանքին, հետո էլ փողոցում է դա դրսեւորվում, բայց ՄԻՊ-ն անդրադառնում է կին պատգամավորի հասցեին հնչեցված հայտարարությանը:
Պատգամավորը, հիշեցնենք, նկատի ուներ Ալեն Սիմոնյան-Անի Սամսոնյան-Էդմոն Մարուքյան վեճը, իսկ հետո Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքը: Արդյոք դա պատահականություն է, թե թերացում է:
«Դա ոչ պատահականություն է, ոչ էլ թերացում: Դա օբյեկտիվ աշխատանք է»,- ասաց ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը հիշեցրեց՝ անդրադարձել է կնոջ՝ Անի Սամսոնյանի հասցեին հնչեցված հայտարարությանը, քանի որ դա սեռի հիմքով խտրականություն է:
Իսկ մյուս միջադեպերի վերաբերյալ իր հայտարարությունը կունենար քաղաքական հենք, դրա համար ճիշտ է արել, որ չի արձագանքել:
Ինչ վերաբերում է օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ծեծկռտուքին, ապա ՄԻՊ-ն անհապաղ քննարկում է սկսել: «Մարդկային առումով ինձ համար տհաճ է, բայց ՄԻՊ-ը չի կարող քաղաքական նշանակության միջադեպին գնահատական տալ»,- պնդեց իր տեսակետը պաշտպանը:
Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց նաև Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին հնչեցված «սիրուն աղջիկ» հայտարարությունը, որին ՄԻՊ-ը եւս չի անդրադարձել: «ՄԻՊ-ի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ պաշտպանի քաղաքացուն, որոշ դեպքերում նաև ընդդիմությանը, եթե դա ՄԻՊ-ին առնչվում է»,- պատասխանեց պարոն Թաթոյանը:
Արման Թաթոյանը հիշեցրեց՝ միջազգային պրակտիկայում կա դրույթ, որը վերջերս է ընդունվել, որ ՄԻՊ-ը չպետք է պաշտպանի պաշտոնյաներին: «Վիրավորական է հղի աղջկա (նկատի ունի Տաթեւիկ Ռեւազյանին- հեղ.) հասցեին նման արտահայտություն անելը, բայց օրենքն արգելում է»,- ասաց Թաթոյանը: