Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Չմիավորման Շարժման գագաթնաժողովին, որ նախատեսված է Բաքվում:
«Մասնակից երկրները առցանց հայտ են ներկայացրել Չմիավորման Շարժման Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հայաստանն այդ ցանկում առայժմ չկա»,- նշել է Աբդուլաևան:
Չմիավորման Շարժման XVIII գագաթնաժողովը Բաքվում կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 25-26-ը: Դրա շրջանակում նախատեսվում է, որ կազմակերպության նախագահությունը եռամյա ժամկետով կստանձնի Ադրբեջանը: Հավելենք, որ Չմիավորման Շարժման միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1961 թվականին և նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներին՝ ոչ ռազմական դաշինքի սկզբունքով: Կազմակերպությանն անդամակցում է 120 պետություն, 17 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ունի դիտորդի կարգավիճակ:
Araratnews.am-ի խնդրանքով Բաքվի հայտարարությունը մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա, մասնավորապես, նշեց հետևյալը. «Հայաստանը հանդիսանում է Չմիավորման Շարժման դիտորդ և նման ձևաչափով միջոցառումներին իր մասնակցությունը դիտարկում է ըստ նպատակահարմարության։ Մասնակցությունը Բաքվում կայացող գագաթնաժողովին նպատակահարմար չի համարվել»։