տուն Լուրեր Ինչո՞ւ կատարել ներդրումներ ոսկով

Ինչո՞ւ կատարել ներդրումներ ոսկով

66
0

56

Ո՞րն է ամենավստահելի արժույթը, որտե՞ղ կարելի է կատարել ներդրում` հնարավորինս խուսափելով գնաճի ռիսկից, ինչպե՞ս ապահովագրել սեփական դրամական միջոցները… Այս հարցերը մշտապես հուզել և հուզում են ցանկացած անհատի, երբ գալիս է սեփական բարեկեցիկ ապագան կազմակերպելու ժամանակը: Միջոցներն, ուղիներն ու հնարավորությունները բազմազան են։ Այսօր շատ դժվար է կողմնորոշվել այս բավականին կարևոր և որոշիչ հարցում: Որոշակի գիտելիքներ քաղելու և ժամանակ տրամադրելու դեպքում գուցե և հնարավոր լինի գտնել այն ուղին, որը հնարավորինս կապահովագրի Ձեզ ռիսկերից, սակայն ավելի հեշտ ու հուսալի տարբերակը մարդկության կողմից այս ոլորտում կուտակած փորձառությունն ու ձեռքբերումներն օգտագործելն է: Կարելի է փաստել, որ դարեր շարունակ հենց ոսկին է համարվել ու համարվում այն արժույթը, որով ներդրումներ կատարելով հնարավոր է համոզված լինել, որ  կորուստներ չեն գրանցվի:

Ընդհանուր առմամբ՝ ոսկու արժեքը կայուն է արդեն դարեր շարունակ: Իսկ պատճառն այն է, որ ոսկին` որպես մետաղ, գրեթե 100%-ով չի ենթարկվում կորոզիայի և համարվում է, կարելի է ասել, «հավերժական» ապրանք: Բացի այդ, բնության մեջ ոսկու պաշարները բավականին քիչ են և դժվարամատչելի:

Ներկայումս տարածված են դրամային արժույթներով ներդրումները, ընդ որում` որոշ ներդրողներ փորձում են հավելյալ շահույթ ստանալ դրանց փոխարժեքների տատանումներից, մինչդեռ արժույթները կայուն չեն տարատեսակ ճգնաժամերի հանդեպ և նույնիսկ տեղական բնույթ կրող իրադարձությունների հետևանքով կարող են արժեզրկվել: Ի տարբերություն դրամային արժույթների` ճգնաժամերի ընթացքում ոսկին դիտարկվում է որպես անվտանգ արժույթ և, սովորաբար, ինչպես անհատներն, այնպես էլ իրավաբանական անձինք և նույնիսկ կառավարություններն իրենց միջոցները ներդնում և պահպանում են հենց ոսկով։ Դրա հետևանքով ոսկին զգալիորեն արժևորվում է, ինչն ակնհայտ է 2007 թվականին սկսված համաշխարհային ճգնաժամի օրինակում:

Բազմաթիվ պետություններ, իրենց արժույթների կայունությունն ապահովելու և արժեզրկումից խուսափելու նպատակով, իրենց միջոցների զգալի մասը պահպանում են ոսկով և, հատկապես քաղաքական և տնտեսական անկայուն ժամանակաշրջաններում կարողանում են զսպել գնաճը՝ օգտագործելով ոսկու իրենց պաշարները:

Եղել են ժամանակներ, երբ դրամ ու ոսկի հասկացությունները համապատասխանել են միմյանց և ոսկին է հանդիսացել  վճարամիջոց: Դրամը հենց այդ պատճառով էր գնահատվում, քանի որ պատրաստված էր ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից: Սակայն ներկայումս դրամական միջոցների արժեքը հիմնված է կառավարությունների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության և տնտեսության կայունության վրա: Այդ իսկ պատճառով տնտեսական ճգնաժամերը և դրամական արժույթների արժեզրկումը անխուսափելիորեն փոխկապակցված են միմյանց: 

‘’Bridgewater Associates’’ ամերիկյան հայտնի ներդրումային ընկերության հիմնադիր-տնօրեն և հեջային ֆոնդի՝ աշխարհի ամենահաջողակ կառավարիչներից մեկը` Ռեյ Դալիոն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր ներդրումները կատարում է ոսկով. «Չկան խելամիտ պատճառներ ոսկով ներդրումներ չկատարելու համար. եթե ունեք արժույթ, ապա խելամիտ չէ ոսկի չունենալը»: