Տեղեկությունը, թե «Զվարթնոց» օդանավակայանը գնային փոփոխություններ է կատարել իր տարածքում կայանող տրանսպորտային միջոցների սպասելավճարում, որոշակի դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում: Եթե նախկինում առաջին 10 րոպե ժամանակահատվածի համար տրանսպորտային միջոցի վարորդը ոչինչ չէր վճարում, իսկ 11-րդ րոպեից սկսած մուծում էր 500 դրամ, ապա նոր որոշմամբ՝ 500 դրամի փոխարեն սահմանվել է 800 դրամ:
Վարորդները հատկապես անընդունելի են համարում այն, որ եթե չեն հասցնում 10 րոպեի ընթացքում դիմավորել մարդկանց ու ավտոմեքենայի մեջ տեղավորել իրերը, ապա 11-րդ րոպեն արդեն արժենում է 800 դրամ, ինչը հարվածում է նրանց գրպանին:
Այս և այլ հարցերի առնչությամբ Araratnews.am-ը պարզաբանում խնդրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանից:
«Գնային փոփոխությունը եղել է մասնակի: Օդանավակայանում տեղադրվել է 7 վճարային տերմինալ, որոնցով վճարում իրականացնելիս շարունակելու են գործել այն գները, որոնք մինչև հունվարի 15-ն են եղել, իսկ դրամարկղներում՝ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել»:
Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օդանավակայանի ուղեփակոցներից դուրս գալիս, դրամարկղների մոտ կուտակվող հերթերը թեթևացնելու համար է ներդրվել տերմինալով վճարային համակարգը: Ավելի՛ն, տերմինալներով վճարում իրականացնելուց հետո դրամարկղում հարկավոր է միայն ցույց տալ վճարման կտրոնը և շատ ավելի արագ դուրս գալ տարածքից:
«Դրա համար հորդորում ենք, որ վճարային տերմինալներով վճարումն իրականացնեն, իսկ 10 րոպեն բավականաչափ է, որպեսզի օդանավակայանի տարածքից դուրս գան»,- նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության հանրային կապերի պատասխանատուն:
Հավելենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից գործում են կայանման նոր սակագները, ստորև ներկայացնում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացրած ցանկը: