տուն Հասարակություն Առողջապահություն Ինչո՞ւ գրիպի պատվաստանյութը ԲԿ-ները դեռ չեն ստացել

Ինչո՞ւ գրիպի պատվաստանյութը ԲԿ-ները դեռ չեն ստացել

583
0

Գրիպի սեզոնն արդեն սկսվել է, սակայն առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակը՝  պոլիկլինիկաները, գրիպի դեմ պատվաստանյութը չեն ստացել: «Մինչեւ նոյեմբերի վերջ կլինի»,- Araratnews.am-ին ասացին «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայից:

Ինչո՞ւ մինչ օրս գրիպի դեմ պատվաստանյութը շահառուները չեն ստացել, Araratnews.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

Տիկի՛ն Սահակյան, ինչու մինչ օրս  գրիպի դեմ պատվաստանյութերն ԱԱՊ օղակը չի ստացել:

Հայաստանում  գրիպի պատվաստանյութի  ձեռքբերման հարցում խնդիր կա: Պատվաստանյութ արտադրողները ապրանքը տալիս են մեծ շուկա եւ պահանջարկ ունեցող երկրներին, իսկ Հայաստանի շուկան փոքր է, ու փաստորեն հետին պլան ենք մղվում: Բացի այդ՝ գրիպի դեմ պատվաստանյութի արտադրությունը սկսվում է օգոստոսին, իսկ բաշխումը՝ սեպտեմբերին: Հյուսիսային կիսագնդի բոլոր երկրները սեպտեմբերին պատվաստանյութի կարիք են ունենում: Գրիպի պատվաստանյութ արտադրողներն էլ ի դեպ, շատ չեն:

Առողջապահության նախարարությունն այլընտրանքային ինչ տարբերակներ է փնտրում խնդրի լուծման համար: 

Մի քանի անգամ գրիպի պատվաստանյութերի մրցույթ ենք հայտարարել, սակայն այն չի կայացել:

Ինչո՞ւ:

Մատակարարները չեն դիմել Հայաստանի՝ փոքր շուկա ունենալու պատճառով: Այս տարի բաց մրցույթ ենք հայտարարել, որին կարող էին նաև միջազգային ընկերություններն էլ մասնակցել: Այս եւ նախորդ տարի էլ  հաղթել է ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունը: Կա մեկ այլ խնդիր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող շտամների մասին մի փոքր ուշ հայտարարվեց. արտադրությունն ուշ սկսեցին: Նույնիսկ Իսրայելն է հիմա ստանում գրիպի պատվաստանյութ: Այս իրավիճակում օգտվում են այն երկրները, որոնք պատվաստանյութի սեփական արտադրություն ունեն:

Ե՞րբ Հայաստանը կարտադրի պատվաստանյութեր՝  ուշացումներից խուսափելու պատճառով: 

Դա երազանք է:  Ես չգիտեմ՝ կգա՞ մի ժամանակ, որ ունենանք պատվաստանյութերի սեփական արտադրություն: Շատ բարդ հարց է ու բարդ գործընթաց: Բայց ասեմ, որ այսօր առավոտյան գրիպի պատվաստանյութը հասել է Հայաստան: Կարծում եմ՝ ամենաուշը այս ուրբաթ այն կհասնի պոլիկլինիկաներ:

Թավշյա իշխանափոխությունից առաջ, սակայն, մինչեւ նոյեմբեր առաջնային օղակում արդեն կար գրիպի պատվաստանյութը: Իշխանափոխությունից հետո կարծես իրավիճա՞կ է փոխվել:

Հեղափոխության հետ մի կապեք այս ամենը: Իսկ եթե կապենք, ասեմ՝ այս տարի կտրուկ բարձրացրել ենք գրիպի դեմ  պատվաստանյութի ֆինանսավորումը: Եթե նախկինում գնում էինք 50-60.000 դեղաչափ, այս տարի գնել ենք 130.000  դեղաչափ:

Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվն ավելացե՞լ է:

Պահանջարկը բավական մեծ է: Անցյալ տարի երկրում եղել է 90.000 դեղաչափ, բայց  փետրվարին մենք պատվաստանյութ չունեինք: Այս տարի 130.000 դեղաչափ ենք գնել: Եւս 30.000 դեղաչափ  սպասում ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here