Ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերը ՀՀ դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել: Ծնողների հիմնական պահանջը Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումն է: Ծնողները ցանկանում են հանդիպել գլխավոր դատախազին:
Երեխա կորցրած մայր Նաիրա Այվազյանի խոսքերով՝ իր երեխան ծնվել է այլ պարամետրերով, իսկ դատաբժշկականում իրեն այլ պարամետրերով երեխայի դի են ցույց տվել. «Իմ երեխան չի մահացել. ես տեսել եմ իմ երեխայի ծնունդը: Իմ երեխայի մարմինն ինձ չեն տվել, ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ, որտեղ երեխայի մարմինը կտրտված, սևացած, նեխած է եղել»:
«Երեխան երեք օր ինձ հետ ապրել է, նրանք ասացին, որ երեք օր հետո մենք կարող ենք տուն գնալ: Երեք օր անց մանկաբույժ Աշոտովնան ինձ քնից հանում է և քմծիծաղով ասում. «Երեխադ հիվանդ էր՝ մահացավ: Աչքիս՝ դու էլ ես հիվանդ»: Երեխայիս, առանց մեզ ասելու, տեղափոխել են «Հանրապետական» հիվանդանոց: Երեխայիս եմ պահանջում: Ասում եմ՝ դին բերեք, որ ապացույց լինի, թե երեխաս մահացել է: Նորայր Նվերովիչն ինձ ինչ-որ փաստաթղթեր է ցույց տալիս ու ասում, որ երեխայիս մահվան համար ես եմ մեղավոր: Չորս օր հետո ինձ մի հատ դիակ են բերում, մի հատ սևացած երեխայի մարմին են ցույց տալիս, որը իմը չէ: Ասում եմ, որ իմ երեխան պուճուր է ծնվել՝ փոքրիկ: Անգամ նկարել եմ (խմբ. նկարը ցույց է տալիս). սա իմ իրեխան չէ: Ես անգամ չգիտեմ, թե ինձ ինչ են ցույց տվել»,- ասել է բողոքի ակցիային մասնակցող մայրերից մեկը, ում երեխան ծնվել է 2019 թվականի մարտի 8-ին:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով՝ իր երկվորյակ երեխաները ծնվել են 1999 թվականի փետրվարին, 5 օր հետո իրեն ասել են, թե երեխաները մահացել են: Երեխաների դին մայրը չի տեսել. «5 օրական երեխային, չեմ կարծում, որ հերձեն: Էպիկրիզը նոյեմբերին են տվել, այն դեպքում, երբ երեխաները փետրվարին են ծնվել: 9 ամիս ո՞ւմ էին հերձում: Այդ ի՞նչ հիվանդություններ պետք է ունենար 5 օրական երեխան: Այն մանկաբույժը, ում մեղադրում էին երեխաների մահվան համար, մինչ օրս ինձ և մորս տեսնելիս՝ փախչում է»:
Ակցիային մասնակից մեկ այլ մոր խոսքերով, իր երեխան ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 15-ին. «Ասացին, որ անփութության պատճառով է երեխաս մահացել: Թույլ չէին տալիս երեխայիս դին վերցնել: Ասում էին, որ քննիչին պետք է դիմենք: Եղբայրս անձամբ է խոսել Ռազմիկ Աբրահամյանի հետ, անգամ՝ վիճել: Ասել էր. «Երեխայի գլուխը կերար, հիմա էլ քրո՞ջս գլուխը պետք է ուտես»: Երեխան 7 ամսական է ծնվել, բայց ծննդաբերելուց հետո ինձ շնորհավորել են ու ասել. «Պատրաստվիր, որ երեխայիդ կերակրես»: Հաջորդ օրը, երբ սպասում էի, որ երեխայիս բերեն, ասացին՝ երեխադ մահացել է»: