Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան արդեն երկրորդ անգամ են վնասել։ Ի դեպ, նախորդ դեպքում կրկին նույն մեքենայի նույն ապակին էին վնասել։ Պատգամավորն արդեն դիմել է իրավապահներին։ Այս մասին նա ասաց Araratnews.am-ի հետ զրույցում։
«Ոստիկանություն հաղորդում տվել եմ, գործը հարուցվել է, փորձագետները եկան, ստուգեցին, և հենց նոր բարձրացել եմ ԱԺ»,- նշեց Պողոսյանը։
Հարցին՝ ինչ-որ կասկածներ ո՞ւնի, թե ով կարող է լինել, պատգամավորը մանրամասներ ներկայացրեց․ «Եթե իմանայի՝ ով է, այդ մարդն արդեն ձերբակալված կլիներ։ Պատկերացում չունեմ՝ ով է։ Բայց ԱԺ պատգամավոր լինելով հանդերձ՝ երկրորդ անգամ եմ նման միջադեպի առնչվում, երբ որ համարներն էլ մեքենայի վրա ֆիքսված են, ու գիտեն, որ իմ համարներն են, ես ուրիշ որակավորում չեմ կարող տալ սրան, բացի հետապնդում և կոնկրետ վնասի հասցնում։ Ո՛չ առաջին անգամ, ո՛չ երկրորդ անգամ մեքենայից ոչինչ չեն տարել, ուղղակի կողային ապակին ջարդում և գնում են»։
Արդյոք տարածքում տեսախցիկներ կա՞ն․ «ԱԺ դիմաց է եղել դեպքը՝ Դեմիրճյան փողոցի վրա, երկու տեսախցիկ կա։ Հիմա ոստիկանները տեսանյութերն են հանում, որ պարզեն՝ ով է անողը»։
Իսկ ինչո՞ւ է Պողոսյանը կարծում, որ իրեն հետապնդում են իր քաղաքական գործունեության համար․ «Ուրիշ ոչ մի բանի հետ չի կարող կապված լինել, որովհետև ես անձնապես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ինչի հետևանքով կարող են ինձ հետապնդել։ Սա կարող է միայն իմ գործունեության հետ կապված լինել»,- արձագանքեց պատգամավորը։
Միգուցե ինչ-որ կոնկրետ հայտարարության հե՞տ է կապված, Պողոսյանը նշեց, որ չի կարող անպատասխանատու հայտարարություն անել, քանի որ ակտիվ է և ամեն թեմայի էլ անդրադառնում է։
Եթե սա հետապնդում է, ապա նշանակում է Պողոսյանի կյանքին վտա՞նգ է սպառնում․ «Այո, այդպես է ստացվում։ Կարծում եմ՝ սա ինձ լռեցնելու ձև է»,- եզրափակեց պատգամավորը։
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/10/75462251_537892747041851_464805578431004672_n.jpg?resize=552%2C414)
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/10/75279343_956597561362342_4493955978386997248_n.jpg?w=640)