տուն Լուրեր Բլոգ Ինձ համար մարտի 1-ը կորցրել է գարնան մեկնարկի իր նշանակությունը

Ինձ համար մարտի 1-ը կորցրել է գարնան մեկնարկի իր նշանակությունը

68
0

8

Առավոտից արդեն մի քանի անգամ ստացել եմ շնորհավորանքեր`գարնան առաջին օրվա կապակցությամբ, բայց ինքս ոչ մեկին չեմ շնորհավորել։ Շատ էի ուզում շնորհավորել, բայց չէր ստացվում. 2008 թվականից այս կողմ ինձ համար մարտի 1-ը  կորցրել է գարնան մեկնարկի իր նշանակությունը: 2008 թվականին ես ուսանող էի և չեմ եղել Ազատության հրապարակում, բայց ծնողներս ներկա են եղել, անգամ հայրս մի քանի անգամ գիշերել է այնտեղ`հաղթանակը ձեռքից բաց չթողնելու ձգտումով լցված քաղաքացիների հետ միասին: Հիշում եմ, թե ինչպես էի անհամբեր սպասում ծնողներիս զանգին կամ էլ նրանց վերադարձին` ուզում էի  մանրամասն իմանալ, թե այդ օրն ինչ կատարվեց Ազատության հարապարակում, ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը և արդյոք հաղթանակն այնքան մոտ է, ինչպես ինձ էր թվում այդ ժամանակ: Հիշում եմ, որ հայրս անգամ տանը միշտ ասում էր` պայքար, պայքար մինչև վերջ, հաղթելու ենք ու նմանատիպ այլ արտահայտություններ, իսկ երբ ինչ-որ մեկը մեր ընտանիքի շրջապատից ասում էր, որ պայքարն անիմաստ է, որ ռեժիմը ինչ էլ լինի՝ չի հեռանալու, հիշում եմ հայրս ոնց էր արձագանքում, նույնիսկ  այդ պատճառով վիճեց իր ամենամտերիմ ընկերներից մեկի հետ, ում հետ մինչև օրս չի շփվում. «Հերիք չի չի մասնակցում, մի հատ էլ, իմաստազրկում է հազարավոր մարդկանց պայքարը, դա դավաճանություն է»,- ասում էր հայրս, երբ կողքից իրեն հորդորում էին, որ պետք չի վիճել մարդկանց հետ, և որ ամեն մարդ իր կարծիքն ունի։ Բայց հայրս անկոտրում էր. նրա համար Ազատության հրապարակում գտնվելը պարտադիր պահանջ էր դարձել, ոչ մի կերպ չէր հասկանում ու արդարացնում այն մարդկանց, ովքեր այլ կերպ էին մտածում: Այսօրվա պես հիշում եմ 2008 թվականի փետրվարի 27-ը, երբ ծնողներս Երևանից վերադարձան Գյումրի` նորից նույն ոգևորությամբ ու հաղթանակի մեծ սպասումով: Ես էլ էի ոգևորված, քանի որ հայրս խոստացավ, որ հաջորդ անգամ ինձ էլ է տանելու իր հետ Երևան` Ազատության հրապարակ, որտեղ տասնյակ հազարավոր ՀՀ ազատ քաղաքացիներ միաբերան պայքար են գոռում: Ես  լինելով ՀՀ քաղաքացի, ինչպես նաև ապագա լրագրող, հետաքրքրությունից մեռնում էի, թե երբ է գալու այդ «հաջորդ անգամ»-ը, որ ես էլ հորս հետ գնամ,  միանամ ազատատենչ ժողովրդիս։ Բոլորին մոտիկից տեսնեմ՝ իրականում։ Բայց այդ «հաջորդ անգամ»-ն այդպես էլ չեկավ:

2008 թվականի մարտի 1-ին, երբ ես առավոտյան քնիցս արթնացա՝ հայրս տանը չէր. «Գնաց Երևան, կրակել են մարդկանց վրա»,- ասաց մայրս: Մի պահ չհասկացա պահի լրջությունը, իսկ երբ սթափվեցի, հեռուստատեսությամբ ու զանգերով ավելի մանրամասն տեղեկացա կատարվածի մասին, հասկացա պահի լրջությունը, ու ակամայից հիշեցի նյութիս սկզբում հիշատակած հորս ընկերոջ այն խոսքերը, որ պայքարն անիմաստ է, որ ռեժիմը չի հեռանալու:

Մարտի 1-ից հետոն արդեն բոլորը գիտեն: Մի բան հստակ էր` 2008-ի գարունն իշխանությունն «արյամբ ազդարարեց»` տասը զոհ… Կարծում եմ, որ այդ զոհերից յուրաքանչյուրի կյանքը պետք է իսկապես դատավճիռ դառնար իշխանության համար, բայց այդ ոճրագործությունից արդեն 6 տարի է անցել, իսկ սպանություններն այդպես էլ մինչև օրս չեն բացահայտվե. մարտիմեկյան ողբերգության իրական կազմակերպիչներն ու մեղավորները մինչ օրս շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, ավելին՝ նրանցից և ոչ մեկը չի պատրաստվում լքել իր աթոռը սեփական կամքով:

Այսօր մարտիմեկյան հերթական 6-րդ հանարահավաքն է անցկացվում Ազատության հարպարակում, հնչում են տարատեսակ ելույթներ, հարգանքի տուրք է մատուցվում այդ օրվա զոհերի հիշատակին: Բայց, իմ կարծիքով, նրանց հիշատակի ամենամեծ հարգանքը նրանց կիսատ մնացած պայքարը շարունակելն է։

2008 թվականից ի վեր մարտի 1-ը դադարել է գարնան առաջին օրվա խորհրդանիշ լինել շատ ու շատ ՀՀ  քաղաքացիների, հատկապես տասը անմեղ զոհերի ընտանիքների համար: Ես համոզված եմ, որ նրանց բոլորովին էլ չի հետաքրքրում, թե  ով երբ է  ծաղկեպսակ դնելու զոհերի շիրիմներն  կամ ով ինչ ելութ է ունենալու Ազատության հրապարակում: Հատկապես այդ տասը զոհերի ընտանիքներին հետաքրքրում է այդպես էլ արդեն վեց տարի անպատասխան մնացած հարցերի պատասխանները: Նրանց համար ամենակարևորն այն է, որ Երևանի կենտրոնում թափված արյան պատասխանատուները այլևս չշարունակեն 2008 թվակաի մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության պարտակման քաղաքականությունը:

Հ.Գ Ահա, թե ինչու չեմ կարող ասել` շնորհավոր գարնան առաջին օր:

Էմմա Պալյան