տուն Հասարակություն «Իմ Քայլը» հիմնադրամը Դրեյփերի համալսարանում 100% կրթաթոշակով ուսանելու հնարավորություն է տվել երեք...

«Իմ Քայլը» հիմնադրամը Դրեյփերի համալսարանում 100% կրթաթոշակով ուսանելու հնարավորություն է տվել երեք ձեռնարկատերերի

153
0

Փետրվարի 13-ին ամփոփվել էին գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքները, և 109 ներկայացված հայտերից հաղթող էին ճանաչվել 5 ձեռներեցներ իրենց նախագծերով (Կարեն Շահնազարյան  «Forge Fiction», Սվետլանա Ջաղացպանյան «ForestGuard», Կարեն Նիկողոսյան «Swap», Լուսինե Մագաուզյան «oores», Հակոբ Թումանյան «Yolo»): Նրանց տրամադրվել էին 100% ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող կրթաթոշակներ: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱՆ լրատվական ծառայությունը:

Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը «Robin» Ռուբեն Համբարձումյանը «Cerebrus», Հայկ Բադալյանը «Garoon» ևս ստացան կրթաթոշակներ 50%֊ի չափով:

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50%-ը, ինչի արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100% փոխհատուցում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ 2020թթ․ Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: 

Դրեյփերի համալսարանի մասին.

7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում (https://www.draperuniversity.com), որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ 

Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով: