տուն Հասարակություն Իմ տնօրինության ընթացքում հայտնի շրջանավարտներից որևէ ներդրում և աջակցություն չի եղել. Էլլադա...

Իմ տնօրինության ընթացքում հայտնի շրջանավարտներից որևէ ներդրում և աջակցություն չի եղել. Էլլադա Հովհաննիսյան

565
0

AraratNews.am-ը կրթության մարտահրավերների շուրջ զրուցել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Էլլադա Հովհաննիսյանի հետ:

Տիկին Հովհաննիսյան, հե՞շտ է աշխատել դպրոցում՝ որպես տնօրեն:

Նախևառաջ, ինձ համարում եմ մանկավարժ՝ արժևորելով ցանկացած աշակերտի ներկայությունը այն կրթօջախում, որի տնօրենն եմ շուրջ երեք տարի: Եթե աշխատել, ապա սիրելով գործդ: Տնօրենի աշխատանքը, ինչ խոսք, ենթադրում է բավականին մեծ պատասխանատվություն: Օրենքի սահմաններում գործելուց զատ, աշխատում եմ պահել դպրոցի ջերմ և առողջ մթնոլորտը:

Ձեր դպրոցն արդեն շուրջ 4 տարի է՝ նաև ներառական կրթություն է իրականացնում: Ի՞նչ է իրենից ներկայացնում դա, և փոփոխություններ արդյոք կարո՞ղ եք արձանագրել:

2015 թվականից մեր դպրոցում իրականացվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների կրթություն:

Արձանագրելի է, որ չորս տարիների ընթացքում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների տարած որակյալ աշխատանքների արդյունքում նկատելի և դրական տեղաշարժ է գրանցվել. իրենց հասակակիցների հետ շփումների արդյունքում նկատելի բարձրացել է երեխաների ինքնագնահատականը։

Դպրոցում նաև իտալերեն են դասավանդում: Կասե՞ք, թե ինչպես ստացվեց, որ լեզվի նկատմամբ պահանջարկ առաջացավ ու սկսեցիք ժամեր հատկացնել ոչ այնքան տարածված լեզվին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով և համայնքի խնդրանքին ընդառաջ գնալով՝ սույն թվականի սեպտեմբերից մեր կրթօջախի 2-4-րդ դասարաններում  ներդրվեց իտալերեն լեզվի խորացված ուսուցում: Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում դասաժամերը վարում է ազգությամբ իտալացի ուսուցչուհին: Քանի որ վերջինս գերազանցապես չի տիրապետում հայերենին, դասապրոցեսը ընթանում է ինտերակտիվ խաղերի և  զրույցների միջոցով: Ապագայում ունենք մի շարք ծրագրեր՝ միտված իտալերեն լեզվի էլ ավելի զարգացմանը: Լիահույս եմ, որ Աստծո կամոք կյանքի կկոչենք դրանք:

Ինչպե՞ս կգնահատեք այսօր աշակերտների առաջադիմությունը:

Ցավոք պետք է արձանագրել, որ անհամեմատ շատացել են տարատեսակ գործոններ, որոնք ակտիվորեն ներազդում են աշակերտի կամային որակների վրա և կարող են լավ կամ վատ հետք թողնել նրա առաջադիմության վրա: Մեզ անհրաժեշտ է որակյալ ու համակողմանի կրթություն տալ սովորողին, մոտիվացնել նրան և մեծացնել սերը դեպի ուսումը: Առհասարակ, ուսումնական գործընթացում սպասված արդյունք ապահովելու համար ենթադրվում է երկողմանի, բազմաբովանդակ աշխատանք:

Ձեր դպրոցի շրջանավարտներից շատերը բավականին հայտնի դեմքեր են դարձել՝ Հենիրխ Մխիթարյան, Մարինա Թագակչյան, Արման Աղաջանյան, լուսահոգի Սուրեն Թադեւոսյան, Մայքլ Քոթանջյան։  Նրանք երբեւիցե այցելե՞լ են դպրոց, կամ ինչ-որ ներդրում կատարել որպես դպրոցի նախկին սան։

Համենայն դեպս, իմ տնօրինության ընթացքում որևէ ներդրում և աջակցություն չի եղել նրանցից որևէ մեկի կողմից: