Ինչպես հայտնի է, այսօր՝ դեկտեմբերի 23-ին ընթանում են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները:
Իրենց ծրագրային ելույթների ժամանակ ՀՖՖ նախագահի երկու թեկնածուները նախ որոշակի քննադատություն հնչեցրին միմյանց հասցեին:
«Վերջին օրերին իմ դեմ շինծու լուրեր հրապարակվեցին, ստեղծվեց կեղծ օրակարգ: Քանի որ Արմեն Մելիքբեկյանը հրաշալի գիտակցում էր, որ ֆուտբոլային հարցերի շուրջ քննարկումներում ջախջախիչ պարտություն է կրելու, սլաքներն ուղղվեցին ինձ վրա և հարցը քաղաքականացվեց»,-իր ելույթում շեշտեց «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն նշեց նաև, որ այդ ամենի վկայությունը նաև Արմեն Մելիքբեկյանի՝ հեռուստատեսային և այլ ձևաչափով բանավեճերից խուսափելը:
Ի պատասխան մրցակցի, Արմեն Մելիքբեկյանը հիշեց անվանի մարզիչ Ժոզե Մոուրինյուի այն խոսքերը, թե իր վրա նետված քարերից կարելի էր արձան կառուցել:
«Իմ վրա նետված քարերից ոչ թե արձան, այլ դամբարան կարելի է կառուցել»,-խորհրդանշական կերպով հայտարարեց նախկին մարզական մեկնաբանը: Այնուհետ նա հավաստիացրեց, որ իր համար հարցերն անձնավորված չեն, իսկ իր առաջադրվելու նպատակը հայկական ֆուտբոլին անշահախնդիր ծառայելն է: