20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության լուրերը աշխարհի տարբեր ծայրերից մտահոգ մարդկանց բերեցին Օսմանյան կայսրություն` աջակցություն ցուցաբերելու հայերին։ Միսիոներների շարքում շատ էին կանայք, որոնք մայրեր դարձան ծնողազուրկ հայ փոքրիկներին։
Sputnik Արմենիան երեք մասով ներկայացնում է այս կանանց պատմությունները, որոնց հավաքագրելուն օգնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Իմ սիրտը հայի է». Աննա Հեդվիգ Բյուլ
Էստոնիայում ծնված Աննա Հեդվիգ Բյուլը 1911–ին գալիս է Կիլիկիա` Մարաշում ուսուցչություն անելու։ Օսմանյան կայսրությունում արդեն սկսվել էին հայերի ջարդերը։ Գերմանացի ավետարանական քարոզիչները Մարաշում բացում են «Բեյթել» որբանոցը, որում պատսպարվում են ծնողներին կորցրած հարյուրավոր հայ երեխաներ։ Աննան, թողնելով ուսուցչուհու իր գործը, ցանկություն է հայտնում աշխատել որբանոցում։
Այդ որոշումը փոխում է ոչ միայն որբերի, այլև իր կյանքը։ Մի քանի տարի շարունակ Աննան խնամում է որբանոցի երեխաներին, ծանոթանում հայ ժողովրդի կրած տանջանքներին։ Իմանալով, որ Հալեպում ավելի քան 160 հազար հայ գաղթական կա, որոնք անտանելի պայմաններում են ապրում, նա 1922-ին մեկնում է Հալեպ, որտեղ զորավիգ է լինում հայերի համար անվճար հիվանդանոցի կառուցմանը։ Առողջական հրատապ հարցերը լուծելուց հետո Աննան աշխատում է հայերին սիրիական հանրության մեջ ինտեգրելու ուղղությամբ։ Նախ` նա հիմնում է ջուլհականոց և ձեռագործ արհեստանոց, որտեղ աշխատելու հնարավորություն են ստանում 500 հայ կանայք, հետո գումար է հավաքում 250 հայ երեխայի ուսման համար։ Սիրիայի հայ համայնքն այնքան է կապվում կնոջ հետ, որ նրան «Բյուլ մայրիկ» է կոչում։ Ինքն էլ պարբերաբար ասում է, որ իր «սիրտը հայի է»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կաքում: