տուն Հասարակություն Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել. այսօր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի...

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել. այսօր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է

531
0

Մեկ տարի առաջ հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Աշխարհասփյուռ հայությունը, նաև տարբեր ազգերի պետական, հասարակական, մշակութային գործիչներ և պարզապես լեգենդար երգչի արվեստի սիրահարները հրաժեշտ տվեցին հանճարեղ արտիստին, ազգասեր հային:

Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքրիկ ներկայացումներում, երգում  եկեղեցում: 
 
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թվականին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
 
Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն էր:
 
Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:
 
Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում. «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգիչների ու դերասանների մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 
 
1995-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009-ին նշանակվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
 
Ազնավուրի անունով կոչվել են՝ հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:

Նշենք, որ հայազգի երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:

2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
 
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն իր  բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի:2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը:

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը, ինչպես նաև եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here